տուն Հասարակություն Այսօր Հելոուինն է. ժամանց, թե՞ վտանգ

Այսօր Հելոուինն է. ժամանց, թե՞ վտանգ

1290
0

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի տոնն է։ Այն նշվում է  բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում: 20-րդ դարավերջին գլոբալացման հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ որոշ երկրներում։ 

Հայաստանում Հելոուինի շուրջ տիրող երիտասարդների խանդավառության վերաբերյալ AraratNews.am-ը զրուցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի, Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, ՀՊՄՀ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի կրոնի տեսության և պատմության դասախոս Նելլի Պետրոսյանի հետ:

Աստղիկ Սաֆարյանը համարում է, որ Հելոուինն արդեն դարձել է հետաքրքիր ժամանցի տեսակ. «Հատուկ վերաբերմունք չունեմ տոնի նկատմամբ, քանի որ այն հայկական չէ: Արտերկրում տոնը զուտ չար հոգիներին վանելու միտում ունի: Մեզ մոտ արդեն տարածված տոն են դարձրել, որը համախմբում է շատերին և ուղղակի առիթ է, որ մարդիկ հավաքվեն ու հետաքրքիր ժամանակ անցկացնեն»:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը չեզոք վերաբերմունք ունի տոնի նկատմամբ. «Դա ուղղակի տոն է, որը Սուրբ Վալենտինի պես, մեզ մոտ դարձել է սովորական: Իմ վերաբերմունքը ոչ բացասական է, ոչ էլ դրական. մենք կարող ենք Հելոուինին անդրադառնալ կամ չանդրադառնալ»:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նախորդ տարիների հելոուինյան կերպարներից

Հոկտեմբերի 31-ին Հելոուինի կապակցությամբ մայրաքաղաքում խոշոր միջոցառումներ են կազմակերպվում, և Աստղիկ Սաֆարյանը նույնպես մասնակցում է նման միջոցառումների, քանի որ իրեն հրավիրում են: Երգչուհին անձամբ նման միջոցառումներ չի նախաձեռնում ու կազմակերպում:

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքերով՝ ինքը նախևառաջ որպես քրիստոնյա է դեմ տոնին և, որ Հելոուինը մաքուր հեթանոսական ավանդույթների ու սովորույթների վերարտադրությունն է. «Տոնակատարությանը մասնակցողներից շատերն ասում են, որ իրենք մահացողների հոգիները կանչելու նպատակ չունեն ու պարզապես զվարճանալու համար են հավաքվում: Եթե նույնիսկ սրա հետևում զուտ կրոնական տարրեր չկան, միևնույն է, ենթագիտակցորեն՝ այդ ողջ քարոզարշավը շարունակում է առաջ գնալ: Այս ամենին գումարվում է սպառողական հասարակության աղետը: Այսինքն՝ այստեղ կոմերցիոն ասպեկտ էլ կա. սա լուրջ բիզնեսի աղբյուր է: Որևէ բան անհետևանք չի կարող մնալ»:

Տեր Մարկոսը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու զավակներից շատ քչերին գիտի, ովքեր մասնակցում են Հելոուինի տոնակատարությանը. «Ես նրանց ընդամենը մի բան եմ ասում, որ մարդը չի կարող միանգամից երկու տիրոջ ծառայել: Ուրախ ժամանց ունենալը վատ բան չէ, բայց պետք է նայել, թե դրա հետևում ինչ կա կանգնած»:

ՀՊՄՀ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի կրոնի տեսության և պատմության դասախոս Նելլի Պետրոսյանը վտանգ է տեսնում Հելոուինի կապակցությամբ պարբերաբար կազմակերպվող միջոցառումների մեջ, որոնք, ըստ դասախոսի, արմատներ են գցում պետության և կրոնի մեջ. «Մենք երիտասարդների համար ունենք Համբարձման տոն, Ջանգյուլում, որոնք բնորոշ են մեզ ու մեր արժեհամակարգին: Այո, գոյություն ունի Hallowen, բայց դա մերը չէ: Կարելի է միջոցառում կազմակերպել, բայց դրան չպետք է տրվի խոր իմաստ»:

Հելոուինը (անգլ.՝ Halloween, All Hallows’ Eve կամ All Saints’ Eve) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here