տուն Լուրեր Աղվան Հովսեփյանը և մյուսները քաղաքական ապաստան չեն ստանա. փոխվարչապետի պարզաբանումը

Աղվան Հովսեփյանը և մյուսները քաղաքական ապաստան չեն ստանա. փոխվարչապետի պարզաբանումը

196
0

Օրեր առաջ Araratnews.amանդրադարձել էր Ապարանում Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, նախկին  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը:

«Ֆեյսբուքում» քննադատել էին մարզպետին ու փոխվարչապետին՝ հեղափոխության հետ կապ չունեցողների հետ միջոցառմանը մասնակցելու համար:

Մարզպետի պարզաբանումը  հրապարակել էինք,  բայց քանի որ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը բանավոր չէր պատասխանել մեր հարցերին, հարցը ուղարկել էինք գրավոր: Մասնավորապես, ինչո՞ւ է մայիսի 28-ին Առաջին հանրապետության տոնը նշել Ապարանում՝ Աղվան Հովսեփյանի, Սամվել Ալեքսանյանի ընկերակցությամբ, ոչ թե Սարդարապատում: Ո՞ւմ նախաձեռնությունն է դա եղել:

Ի՞նչ կապ ունեն նրանք 2018 թվականի հեղափոխության, հեղափոխական այն արժեքների հետ, որոնց համար պայքարել են ձեր թիմակիցները ժողովրդի հետ: Ինչպե՞ս է արձագանքում իրեն քննադատողներին եւ այն հիշեցմանը, որ Աղվան Հովսեփյանը՝ որպես նախկին գլխավոր դատախազ, եղել է 2008-ի մարտի մեկի ոճրագործությունը պարտակողներից, իսկ դուք եւ մարզպետը մայիսի 28-ը նշում եք նրա հետ:

Մեր հարցերին փոխվարչապետի գրասենյակն այսպես է պատասխանել.  «Ապարանում կազմակերպված միջոցառումը ավանդաբար կարևոր տեղ է զբաղեցնում Հանրապետության  տոնին նվիրված միջոցառումների օրացույցում: Եւ շատ կարևոր է, որ կառավարության ներկայացուցիչը այնտեղ լինի եւ իր հարգանքի տուրքը  մատուցի:

Ինչ վերաբերում է տոնակատարության մասնակիցներին, ապա պետք է հաշվի առնել, որ այն կազմակերպվել էր համայնքապետարանի կողմից, վերջինս էր որոշում հրավիրյալների ցանկը: Որեւէ ազդեցություն մենք չենք ունեցել եւ չենք էլ փորձելու ունենալ նման դեպքերում: Ավելացնում ենք նաև, որ Տիգրան Ավինյանի հետ միջոցառմանը մասնակցելը ինդուլգենցիա կամ քաղաքական ապաստան չի ենթադրում»:

Սոնա Դավթյան