Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երեկ տոնում էին 1918 թվականին Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակը։ Միջոցառմանը մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը: «Ֆեյսբուքում» բուռն քննադատությունների արժանացան հատկապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ «Իմ քայլից» եւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը՝ Աղվան Հովսեփյանի ու Սամվել Ալեքսանյանի հետ միջոցառմանը մասնակցելու համար:
«Ի՞նչ կապ ունեն նրանք հեղափոխության ու հեղափոխական արժեքների հետ»,- գրել էին օգտատերերը, որոնցից մեկն էլ «Իմ քայլը» ավագանու անդամ Լեւոն Զաքարյանն էր:
Araratnews.am-ը կապ հաստատեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ, զրուցելու երեկվա՝ աղմուկ բարձրացրած միջոցառման մասին:
Պարո՛ն Գեւորգյան, ո՞վ էր կազմակերպել Ապարանի միջոցառումը եւ ինչպես էր ստացվել, որ դրան մասնակցում էին նաև Աղվան Հովսեփյանն ու գործարար Սամվել Ալեքսանյանը:
Միջոցառումը կազմակերպել էր Ապարան համայնքն ու «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը: Այս ամենից պարզ է, թե ինչու է Աղվան Հովսեփյանը մասնակցում այդ միջոցառմանը (Աղվան Հովսեփյանը «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահն է-հեղ.): Միջոցառումը չի կազմակերպվել պետական բյուջեով: Ո՛չ ես, ո՛չ Ավինյանը չենք որոշել մասնակիցների ցանկը: Բացի այդ, ցանկացած մարդ, որն ազատության մեջ է, ապրում է ՀՀ-ում, կարող էր մասնակցել այդ միջոցառմանը: Ամենայն հարգանքով մեղադրանքներ հնչեցողների հանդեպ հարց ունեմ՝ որպես մարզպետ ի՞նչ պետք է անեի: Եթե x մարդը մասնակցում է այդ միջոցառմանը, ի՞նչ պետք է անեի: Հո չեմ կարող արգելել մարզի տարածքում ինչ-որ մարդիկ քայլեն:
Դուք ինչո՞ւ ընդունեցիք «Նիգ Ապարանի» հրավերը եւ մասնակցեցիք այդ միջոցառմանը:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե մարզպետը չմասնակցեր Բաշ-Ապարանի միջոցառմանը: Ես դրանով ոչ թե վերաբերմունք ցույց կտայի նախկին իշխանավորներին, դրանով առաջին հերթին կվիրավորեի ու կարհամարհեի մեր ժողովրդին, ապարանցիներին: Ես նման բան թույլ տալ չեմ կարող ինձ:
Դուք կարող էիք Ձեր տեղակալներից մեկին ուղարկել:
Դրանով լուրջ ձեւով կվիրավորեի ու կարհամարհեի մեր ժողովրդին: Ես նման բան չեմ կարող թույլ տալ:
Չե՞ք կարծում, որ փոխվարչապետի հետ միասին, ներկա գտնվելով Աղվան Հովսեփյանի ու Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ միջոցառմանը՝ արհամարհում եք հեղափոխության այն արժեքներն ու հեղափոխության մասնակիցներին, որոնց հետ, ինչպես գրում են «Ֆեյսբուքում», կապ չունեն Աղվան Հովսեփյանն ու Ալեքսանյանը:
Իհարկե ոչ: Հեղափոխության արժեքներից մեկն օրինականության ու արդարության հաստատումն է: Ով որտեղ կլինի, կամ մեզ հետ կքայլի՝ դա մեզ չի կաշկանդում օրենքի տառին համապատասխան գործել: Միջոցառումներից մեկին ես մասնակցել եմ նախկին եւ ներկա պաշտոնյաների հետ: Հաջորդ օրը, երբ բավարար տեղեկություն ենք ստացել, իմ գրության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Հեղափոխության արժեքներն արհամարհել կլինի, երբ սկսեմ անձնական որոշակի վերաբերմունք ցույց տալ մարդկանց:
Տպավորությունն այն է, որ Աղվան Հովսեփյանը կարծես թե ցանկանում է որոշակի հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ, հուսալով, որ կխուսափի պատասխանատվությունից:
Ես իմ մասով կարող եմ ասել, վստահ եմ՝ պարոն Ավինյանի դեպքում էլ է այդպես, բացառվում է, որ ցանկացած մարդ միջոցառմանը մասնակցելով խուսափի պատասխանատվությունից, հատկապես Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ պետականության դեմ գործած հանցանքների համար: Ես դատախազ չեմ, չեմ կարող մեղադրել ոչ մեկին:
Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Աղվան Հովսեփյանի մասին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի:
Ինչպես Աղվան Հովսեփյանի, այնպես էլ նախկին պաշտոնյաների մասին բազմիցս խոսել եմ քաղաքացիական պայքարի ժամանակ: Հաշվի առնելով իմ այժմյան կարգավիճակը՝ չեմ կարող ամբողջությամբ ներկայացնել այն տեսակետը, որը ներկայացրել եմ: Շատ հայտնի դատավարություն է ընթանում նախկին իշխանավորներից մեկի դեմ, որի մասին նախկինում խոսել եմ: Եթե հիմա խոսեմ, չեմ խոսի որպես քաղաքացի Դավիթ Գեւորգյան, այլ կընկալվի Արագածոտնի մարզպետի խոսք: Ես ենթադրում էի, որ կլինեն շահարկումներ՝ երեկվա միջոցառմանը որոշ մարդկանց ներկայության համար: Իմ առջեւ դրված էր երկու բան՝ կա´մ ժողովրդին հարգել, գնալ միջոցառմանը, եւ արժանանալ քննադատության կամ չգնալ միջոցառմանը եւ վիրավորել ժողովրդին: Ես նախընտրել եմ քննադատությունը:
«Ֆեյսբուքյան» օգտատերերը քննադատեցին նաև Ձեր՝ Ավինյանի գլխին անձրեւանոց պահելը:
Էժանագին, ցածր գիտակցության արձագանք է: Մարզպետը պետք է աշխատո՞ղ պահի, որ իր կողքով քայլող փոխվարչապետի գլխին անձրեւանոց պահեր: Եթե աշխատողներից մեկը գար անձրեւանոց պահեր, կասեին՝ այ տեսե´ք, պաշտոնյաներն այնքան են հղփացել, որ անձրեւանոց բռնող են պահում: Պարոն Ավինյանը փոխվարչապետ է, ինձ հարազատ մարդ, իմ ընկերն է, վատ չեմ զգում անձրեւանոց պահելուց:
«Իմ քայլից» դժգոհություններ լսե՞լ եք, Ձեզ հետ խոսե՞լ են այս մասին:
Թիմից զանգեր չեմ ստացել, մենք զբաղված ենք աշխատանքային խնդիրները լուծելով: Ավինյանի հետ քննարկում ենք՝ ինչպես մեծացնել ներդրումները մեր մարզում:
Սոնա Դավթյան