Հայ կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը ասում է, որ քաղցկեղը կարողացել է հաղթահարել Աստծո հանդեպ հավատով:
«Հաղթահարեցի հավատքով առ Աստված, և հավատքով, որ ի վերուստ, Բարձրյալի պարգև հանդիսացող ժամանակակից բժշկությունը ինձ տվել է բուժման հնարավորություն»,- նշում է կոմպոզիտորը:
Էդգար Գյանջումյանը պատմում է, որ այս հիվանդությունը իրեն կյանքը վերանայելու հնարավորություն է տվել.
«Բաներ կան, որ մինչ այս հիվանդությունը թվում էին կարևոր, հետո հասկացա, որ դա չի կարևորը: Արժեհամակարգդ կարծես մաքրվում է փոշուց»,- ասում է Էդգար Գյանջումյանը:
Քաղցկեղով հիվանդ մարդկանց և, առհասարակ, բոլորին Էդգար Գյանջումյանը հորդորում է մշտապես հավատալ և աղոթել.
«Այսօր ժամանակակից բժշկությունը ունի հիվանդությունը բժշկելու լայն հնարավորություններ: Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ երբ մարդը հավատում է, որ Աստված իրեն կարող է բժշկել, և աղոթում է, այդ դեղերի, թերապիաների ազդեցությունը ավելի արդյունավետ է դառնում: Եվ ընդհանրապես կյանքն առանց հավատի առ Աստված, առանց հավերժության հեռանկարի համարում եմ անիմաստ, որովհետև այդ հավատքն է առ Աստված, որ իմաստավորում է մարդու գոյությունը»,- ասում է կոմպոզիտորը:
Էդգար Գյանջումյանը մարդկանց խորհուրդ է տալիս նաև վարել առողջ ապրելակերպ և այդպես դաստիարակել երեխաներին, որովհետև հիվանդության կանխարգելումը շատ կարևոր է համարում:
Հիվանդությունը հաղթահարելուց հետո Էդգար Գյանջումյանը գրեց «Հավատա և աղոթիր» երգը, որը դարձյալ Աստծո նկատմամբ հավատի մասին է: