Araratnews.am-ը երեկվանից 19 պոլիկլինիկայի բժիշկներից դժգոհություն է ստացել առողջապահության նախարարության որոշման մասին: Բանն այն է, որ չլիցենզավորված բժիշկներին ազատել են աշխատանքից, երեխաների բուժմամբ զբաղվում են մեծահասակների բժիշկներն առանց վարձատրվելու: Մեզ դիմած բժիշկներն ասում էին՝ իրենց լիցենզիա տվող չի եղել ժամանակին:
Պոլիկլինիկայի տնօրենը, ըստ բողոքողների, արագ լուծել է այն բժիշկների հետ պայմանագիրը, որոնք բողոքել էին նրա գործունեության դեմ: «Պարտականություններն էլ դրվել են մեծահասակների բժիշկների վրա, որոնք ոչ միայն չունեն լիցենզիա, այլեւ ստաժ չունեն երեխաների հետ աշխատելու»,- մանրամասնեցին նրանք:
Պարզաբանում լսելու համար զանգահարեցինք առողջապահության նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրին. «2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա` արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակներով:
Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797 – Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը:
Կասեցումից հետո որոշ տեսակների համար ներկայացվել են բժիշկների և միջին բուժաշխատողների մասնագիտական կրթության վկայականներ և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի No 2975 — Ա հրամանով վերոնշյալ կասեցման հրամանի «մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական նյարդաբանական, մանկական սրտաբանական և մանկական ներզատաբանական» տեսակների մասով ուժը կորցրած է ճանաչվել:
Լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական ակնաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական տեսակների մասով կասեցումը ուժը կորցրած չի ճանաչվել, քանի որ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, մասնավորապես` մանկական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրականացվել միայն մանկական մասնագետների կողմից»:
Փաստորեն, պատասխանից ենթադրում ենք, որ կազմակերպության ղեկավարը չի ներկայացրել լիցենզավորման կադրային փաստաթղթերը, որոնց պատճառով բժիշկները զրկվել են աշխատանքից: Փորձեցինք պարզաբանում լսել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանից, որը Araratnews.am—ին ասաց՝ լիցենզիայից զրկելը վերաբերում է բոլոր պոլիկլինիկաներին: «Բոլոր հարցերով դիմեք Երեւանի քաղաքապետարան: Հիմա ես զբաղված եմ, հաջողություն»,- ասաց պոլիկլինիկայի տնօրենը:
Հիշեցմանը, թե առողջապահության նախարարությունը հայտարարության մեջ միայն թիվ 19 պոլիկլինիկայի մասին է գրել, Սամվել Սարգսյանն ասաց՝ գուցե միայն դա ենք հարցրել, դրա համար են այդպես գրել: «Հիմա ես զբաղված եմ, հաջողություն»,- կրկնեց պոլիկլինիկայի տնօրենը:
Երեւանի քաղաքապետարանից պարզաբանում դեռ չենք ստացել: Ստանալուն պես այն կներկայացնենք:
Սոնա Դավթյան