Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը:
Ինչպես հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցելու է մոտ 30 մաքսային ծառայող:
Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող՝ 2003 թ. հռչակագրի հիմնական դրույթները (վերանայված Արուշայի հռչակագիր):
ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողներին փոխանցել են հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձը:
Աշխատաժողովի ընթացքում նաև համեմատական վերլուծության կենթարկվեն ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները և Համաշխարհային մաքսային կազմակերպության էթիկայի և վարքագծի կանոնները, որի արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությանը կներկայացվեն մի շարք առաջարկություններ: