տուն Քաղաքական Վերլուծական Հեղափոխությունները ծնվում են բռնապետություններից

Հեղափոխությունները ծնվում են բռնապետություններից

289
0

delaklr

Երեկ Երևանի կենտրոնի իրադարձությունները արժանացան տարատեսակ պիտակավորումների , սակայն այդպես էլ որևէ խոսք չասվեց այն մասին, թե ինչու թեկուզ և մեկ անձի կողմից առաջ քաշվեց հեղափոխությամբ ինչ-որ բան փոխելու գաղափարը:

Իրականում հեղափոխությունը կամա թե ակամա դառնում է ներկայիս հայաստանյան հասարակության թաքուն երազանքներից մեկը, քանի որ սպառված են թվում բոլոր հնարավոր միջոցները: Լավ օրից չէ, որ մենք կանգնել ենք այդ փաստի առաջ: 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ կոտրվեց հայաստանյան հասարակության ողնաշարը,  երկրորդ ծանր հարվածը հասցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ստացավ Հայաստանի քաղաքացու վստահության քվեն, սակայն զարմանալի արագությամբ փոշիացրեց այն: Արդյունքը եղավ հանրային կատարյալ ապատիան և, մյուս կողմից, միայն հեղափոխությամբ իրավիճակ փոխելու մտայնությունը: Սրան, բնականաբար, ամեն կերպ նպաստում է Հայաստանում հաստատված  բռնապետական, ոստիկանանական այլասերված համակարգը: Վերջիվերջո, հեղափոխությունները ծնվում են հիմնականում բռնապետություններից:

Այն, ինչ կատարվեց երեկ, համարել հեղափոխության փորձ՝ միամտություն կլինի, միամտություն կլինի կարծել նաև, թե Շանթ Հարությունյանը ակնկալիքներ ուներ իր քայլից` խոսքը բախումների մասին չէ, քանի որ գրեթե կասկած չկա, որ այդ բախումները ոստիկանության բեմականացումն էին` սովորականից ավելի շատ սադրիչների մասնակցությամբ, այլ վերաբերում է բուն հեղափոխություն անելու գաղափարին: Շանթ Հարությունյանի ձեռնարկը կամա թե ակամ ուղղված էր հասարակական գիտակցությանը, հասարակությանը ապատիայից դուրս բերելուն, հենց այս ենթատեքստը ամեն կերպ փորձեցին ոչնչացնել հայրենական իշխանապատկան քարոզչամեքենաները:

Երեկվա իրադարձությունները եկան վկայելու նաև հայաստանյան իշխանության խոր ճգնաժամի մասին. այնպիսի տպավորություն է, որ հայրենական իշխանությունները արդեն սարսափում են մի քանի տասնյակ փայտերով «զինված»  քաղաքացիներից:  Քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու նման ջանադրություն դեռ չէր եղել Մարտի 1-ից հետո: Մյուս կողմից՝ ոստիկանական օպերացիան եկավ հաստատելու այն, որ Հայաստանը խոշոր քայլերով շարժում է դեպի բռնապետություն, ինչն էլ իրենից ենթադրում է հեղափոխություն, քանի որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն:

Վերոհիշյալի պարագայում արդեն բացարձակապես տեղին չեն հեգնական արտահայտություններն ու անլրջության մթնոլորտը, որը փորձ է արվում ստեղծել Շանթ Հարությունյանի նախաձեռնության և երեկվա իրադարձությունների շուրջ, որովհետև ամեն քայլափոխի մենք կարող ենք հանդիպել երևույթների, որոնք վկայում են հայաստանյան հասարակության ներսում պայթյունի հասունացման մասին:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here