Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կյանքի 83-րդ տարում մահացել է Ռուսաստանի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:
Ձեզ ենք ներկայացնում 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ իր ծննդյան օրը, azg.am-ին տված Յուրի Լուժկովի հարցազրույցը:
— Պարոն Լուժկով, իբրեւ Մոսկվայի նախկին քաղաքագլուխ՝ դուք կարեւոր ավանդ ունեք Ռուսաստանի մայրաքաղաքի սրտում հառնած համալիրի շինարարության գործում: Անչափ շնորհակալ ենք ձեզնից: Ընթացքում շա՞տ դժվարություններ եղան:
— Դա իսկապես հիշարժան կառույց է: Իհարկե, հեշտ գործ չէր: Խնդիրն այն էր, որ Մոսկվայի հայ համայնքը եւ եկեղեցականները շատ ավելի մեծ նպատակ ունեին, քան պարզապես եկեղեցի կառուցելը: Նրանք նախատեսել էին, որ կառույցը պետք է ծառայի ոչ միայն կրոնական արարողությունների համար, այլեւ այնտեղ հանրային միջոցառումներ կազմակերպվեն, լինի գրադարան, հանդիպումների սրահ եւ այլն: Վանական համալիրի փոխարեն պետք է կյանքի կոչեինք մի ամբողջ համակառույց: Եվ դա մեզ հաջողվեց, առաջադրանքը կատարեցին մարդիկ, ովքեր գիտակցում էին, որ այդ վայրը պետք է խորհրդանշի մեր երկու ժողովուրդների եղբայրությունը, փոխադարձ սերն ու հարգանքը: Համալիրն այժմ ամբողջ ծավալով ծառայում է մտահղացման հեղինակների նախանշած նպատակին, եւ ես ուրախ եմ, որ փոքրիկ ներդրում ունեցա այդ գործում:
— Հայաստանի եւ հայերի հետ ձեր կապերը բազմազան են, հավանաբար հետեւել եք նաեւ վերջին զարգացումներին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ռուսաստան տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունները՝ թավշյա հեղափոխությունից հետո:
— Սկզբունքորեն քաղաքականությանն այնքան էլ չեմ հետեւում, սակայն որքան նկատել եմՙ այդ հեղափոխությունը ոչ թե վերեւից էր ծրագրված, այլ ներքեւից: Ակունքներն ու պատճառներն ըստ երեւույթին պետք է փնտրել նախկին իշխանությունների սխալներում: Ինչ որ Հայաստանում կատարվեցՙ ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ապագայի վրա: Դրանք միշտ հիմնվել են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա, եղել են մաքուր, եղբայրական: Նույն կերպ էլ պետք է շարունակվեն, անկախ նրանից, թե ներհայաստանյան իրադարաձություններն ինչպես են զարգանում, ով է իշխանության գլուխ, համակարգային ինչ փոփոխություններ են այնտեղ կատարվում: Ռուսաստանը Հայաստանին միշտ աջակցել է, գնահատել: Մեր փոխհարաբերությունները կառուցողական են, հիմնարար, եւ քաղաքական ոչ մի ալիք այն չի կարող խաթարել: Մենք հասկանում ենք, որ այժմ Հայաստանը դժվար փուլում է, նրան ժամանակ է հարկավորՙ երկրում կայունություն եւ ապահովություն հաստատելու համար: Եթե պետության մեջ կոռուպցիոն երեւույթներ են լինում, եթե իշխանությունները շեղվում են ճիշտ ուղուց, պաշտոններում նշանակում են իրենց մերձավորներին, հարազատներին ոչ թե փորձառու մասնագետներին, կադրային կառույցը քանդվում է, իշխանության որակը կտրուկ ընկնում է: Դա հարուցում է ժողովրդի բողոքը, ապա նաեւ ըմբոստությունը: Այս հարցում զգայուն է հատկապես երիտասարդությունը: Կարծում եմՙ կոռուպցիան ու նշածս երեւույթներն են Հայաստանում հեղափոխության հանգեցրել: Եթե նոր կառավարությունն իր հայտարարած ծրագրերը չկատարի, ինչպես վայել է քաղաքակիրթ երկրին, հեղափոխությունը ժողովրդի ակնկալած պտուղները չի տա: Ես վստահ եմ, որ առաջիկայում հայերի ցանկություններն իրականություն կդառնան: Եվ վստահ եմ, քանի որ նրանց լավ եմ ճանաչում: Հայերն աշխատասեր են, տաղանդավոր, իրենց ապրուստը վաստակում են անդուլ աշխատանքով: Այդ հատկանիշների շնորհիվ կհաջողվի Հայաստանում քաղաքական անդորր եւ տնտեսական զարգացում ապահովել:
— Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում ի՞նչը կարող է ճակատագրական լինել, ասենք՝ մի երրորդ երկրի միջամտություն:
— Ոչ մի երրորդ ուժ չի կարող մեր երկու երկրների հարաբերությունները վատացնել, դա երբեք չի կարող պատահել, ուղղակի նրանց չի հաջողվի: Այն եղբայրական վերաբերմունքը, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ միշտ ունեցել էՙ փոփոխության ենթակա չէ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: