Խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար, քան նախատեսված առավելագույնը 3 տարի ազատազրկումն է: Առաջարկվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար սահմանել 4-8 տարի ազատազրկում, իսկ հատուկ դեպքերում՝ 6-9 տարի: Նույն արարքի համար մարտական պայմաններում առաջարկվում է 7-10 տարի ազատազրկում։
Անդրադառնալով օրինագծին՝ խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հայկական բանակում զինծառայողների ինքնասպանություններ առհասարակ չպետք է լինեն։ Նրա խոսքով՝ ինքնասպանությունը հանցագործությունների շղթա է, որը մարդուն հասցնում է նման քայլի։