տուն Հասարակություն Թրամփն էլ սկսեց դիմակ կրել. (լուսանկար)

Թրամփն էլ սկսեց դիմակ կրել. (լուսանկար)

423
0

Ամերիկայի առաջնորդը նախկինում բազմիցս ասել էր, որ դիմակ չի դնելու։ Դրա համար նա իր պատճառներն ուներ։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ հասարակության մեջ երևացել է բժշկական դիմակով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մուգ կապույտ դիմակով Թրամփը ժամանել է Վաշինգտոնի արվարձանում գտնվող Walter Reed հոսպիտալ։ Բուժկենտրոնում բուժում են ստանում նաև ռազմական գործողությունների գոտում վիրավորված զինծառայողները։ Թրամփի դիմակի վրա նախագահական ոսկե կնիք է եղել։

«Կարծում եմ, որ դիմակը հիանալի է։ Ես երբեք դիմակներին դեմ չեմ եղել։ Բայց ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի»,-լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախկինում Թրամփը հանրային միջոցառումների ընթացքում դիմակ չէր դնում, չնայած խորհրդածում էր այն մասին, որ դիմակով լավ տեսք կունենա՝ համենայն դեպս, վեսթերն ֆիլմերի հերոսներից ոչ վատ։

Ինչպես հայտնել են Assiociated Press-ի՝ նրան մոտ աղբյուրները՝ նախագահը վախենում էր, որ դիմակով լավ տեսք չի ունենա։ Բացի այդ, նա, իբրև թե, կարծում էր, որ իր՝ դիմակ դնելը կարող է ամերիկյան տնտեսության վերականգնման խնդրի փոխարեն ուշադրությունը կենտրոնացնել հանրային առողջապահության ոլորտի ճգնաժամի վրա։