տուն Հասարակություն Իրավական Գուցե ես լինեի, այսպիսի վճիռ չլիներ. Նազենի Ղարիբյան

Գուցե ես լինեի, այսպիսի վճիռ չլիներ. Նազենի Ղարիբյան

608
0

Երեկ գրել էինք, որ Օպերայի  եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը  երկու հայցով եւ մի քանի պահանջով դիմել էր դատարան: Նախ`քաղաքացիական պահանջով, արդեն նախկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը անվավեր ճանաչել, այն հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը աշխատանքից ազատվել էր: Ինչպես նաեւ պարապուրդի գումարի վճարումը եւ, բնականաբար, աշխատանքի վերականգնելը`թատրոնի տնօրենի պաշտոնում:

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Օրբելյանի հայցը: Araratnews.am-ը զանգահարեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարած Նազենի Ղարիբյանին՝ պարզաբանում լսելու:

Տիկի՛ն Ղարիբյան, դատարանի վճիռը սպասելի՞ էր Ձեզ համար:

Եվ այո, եւ ոչ: Դատական որոշումների համար երբեք 100 տոկոսով վստահ չեք, քանի դեռ դատավճիռը չի կայացել: Ամեն դեպքում իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք կատարել ենք մի գործընթաց, մի որոշում ենք կայացրել… ես այն երկնքից չեմ կայացրել: Այն հիմնված է իրավաբանների խոսքի վրա: Դատավարության ընթացքն ու արդյունքը կախված է դատավարության կողմերից, ինչպես են նրանք  ներկայացնում իրենց տեսակետը: Ես չեմ հետեւել դատական գործընթացին: Չգիտեմ՝ ինչ հիմքով են նման վճիռ կայացրել, չնայած մոտավոր պատկերացնում եմ: Ինձ համար նորմալ է այս վճիռը, քանի որ ես անձնական որեւէ շահագրգռվածություն չունեմ, չեմ հետապնդում Կոնստանտին Օրբելյանին: Դա նախարարության գործն էր, պետք է իրավաբաններ ուղարկեին,  իրավաբանության բաժինը պետք է պատրաստվեր: Ի վերջո, այդ  Օրբելյանին թատրոնի տնօրենից ազատելու որոշումը կայացրել է նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Ըստ Ձեզ՝ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի  նախարարությունը պետք է բողոքարկի՞ այս վճիռը վերաքննիչ դատարան:

Ես չգիտեմ: Դա կախված է նախարարությունից:

Եթե դուք լինեիք նախարար, կբողոքարկեի՞ք:

Չեմ կարող ասել: Գուցե ես լինեի, այսպիսի վճիռ չլիներ: Կա նաև օբյեկտիվ հանգամանք: Դատական գործընթացը սկսվեց նախարարությունների միացման փուլում։ Շատ խառը, բարդ  իրավիճակ էր: Շատ խնդիրներ գուցե բավարար ուշադրության չեն արժանացել: Նախարարությունը պետք է որոշի, թե ինչ է անելու: Ամեն դեպքում մի բան հստակ է՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել  գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Դա օրենքն է պնդում: Հիմա ինչ հիմքով են վերականգնել… գուցե այն հիմքով են վերականգնել, որ Օրբելյանին հրավիրել են Հայաստան, եւ նա չի իմացել, որ այդպես է: Հետևաբար, նրա մեղքը չէ, այլ նախկին իշխանության մեղքով է, որ օրենք է խախտել: Չեմ կարող հստակ ասել եւ խորանալ ենթադրություններ անել:

Օրբելյանի համակիրները կարծում են, որ  Նազենի Ղարիբյանի «թեթեւ» ձեռքով Օպերային թատրոնը պետք է Օրբելյանին  վճարի պարապուրդի գումարը՝ 470 հազար  դրամ: Նորից, ըստ ընդդիմախոսների, ականատես եղանք իշխանության անհիմն որոշման: Ձեր կարծիքը սրա մասին:

Այդ պարապուրդի գումարը օպերային թատրոնն ունի, քանի որ նրա բյուջեն տարեկան 1 միլիարդ 400 մլն դրամ է, որն ավելի է նախարարության ամբողջ տարվա բյուջեից: Իսկ այդ գումարը տալիս են հարկատուները: Ուրեմն՝ ես ինձ հավասարաչափ պատասխանատու էի զգում, հետևաբար դա «թեթեւ ձեռքով» արված որոշում չէ:

Ըստ Ձեզ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ հետեւություն պետք է անի դատական այս վճռից: Նրա հետ քննարկե՞լ էիք իրավական հետագա գործընթացը:

Կարող եմ ասել՝ վարչապետը տեղյակ էր, որ այդպիսի որոշում պետք է  կայացնեի՝ Օրբելյանին ազատել թատրոնի տնօրենի պաշտոնից:

Այսինքն՝ Ձեզ մեղավոր չե՞ք համարում:

Բոլորովին: Ինչո՞ւ պետք է մեղավոր համարեմ: Գործել եմ՝ ըստ օրենքի եւ իմ պաշտոնավարման: Այստեղ սխալի կամ ճշտի հարց չկա: Դատական պրոցեսն ու արդարությունը կարող են երբեմն չհամընկնել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here