Օրեր առաջ գրել էինք, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ արդեն լուծարված մշակույթի նախարարության բավարարվել է: Խնդրի մասին խոսել էինք նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ:
Հիշեցնենք՝ Օրբելյանը դատարան էր դիմել արդեն նախկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը անվավեր ճանաչելու հայցով, այն հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը աշխատանքից ազատվել էր: Ինչպես նաեւ պարապուրդի գումարի վճարումը եւ, բնականաբար, աշխատանքի վերականգնելը`թատրոնի տնօրենի պաշտոնում:
Մի քանի օր Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի հետ եւ պարզաբանում լսել, սակայն ապարդյուն: Նախարարի տեղակալի քաղաքային հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցն էլ ասաց, որ քանի դեռ նախարարությունը չի ստացել դատարանի վճիռը, որեւէ մեկնաբանություն չի կարող տալ ո՛չ վճռի, ո՛չ էլ Նազենի Ղարիբյանի կարծիքի մասին:
Սոնա Դավթյան