տուն Քաղաքական Աջափնյակի ղեկավարը՝ քաղաքապետի հետ խոսելու եւ պաշտոնանկությունների մասին. հարցազրույց

Աջափնյակի ղեկավարը՝ քաղաքապետի հետ խոսելու եւ պաշտոնանկությունների մասին. հարցազրույց

304
0

Արդեն մի քանի օր է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը մամուլի ուշադրության կենտրոնում է: Այն հրապարակումից հետո, թե Թելման Թադեւոսյանն աշխատանքի է ընդունել ՀՀԿ-ականներին, ցուցարար ծեծողին, քննարկումները չեն դադարում: Վարչական շրջանի ղեկավարը «Ֆեյսբուքի» էջում հանդես եկավ պարզաբանմամբ, որն առաջացրեց նոր հարցեր, որոնք էլ Araratnews.am-ը գրավոր ուղարկեց վարչական շրջանի ղեկավարին:

Պարո՛ն Թադեւոսյան, արդյոք Հայկ Մարությանի հետ խոսակցություն ունեցել եք  Ձեզ առնչվող  հոդվածի փաստերի մասին մինչեւ ձեր ֆեյսբուքյան գրառումը:
Նախքան ֆեյսբուքյան իմ էջում պարզաբանում ներկայացնելը ես որևէ հանդիպում և խոսակցություն չեմ ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Այն աշխատակիցները, որոնց մասին գրել էր Փաստերի ստուգման հարթակը, արդյոք ինքնակամ աշխատանքից ազատման դիմում կգրեն՝ փորձելով ետ պահել  Ձեզ շահարկումներից:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները, որոնց անունները նշված են Փաստերի ստուգման հարթակի (fip) տվյալ հոդվածում, կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը: Ես որևէ առարկություններ չունեմ, իրենք ազատ են որոշումներ կայացնելու հարցում:
Արամայիս Ավետիսյանը, որը, ըստ հրապարակման, ցուցարարներին ծեծելու գործընթացի մեջ է ներգրավված եղել 2016 թ-ին Սարի թաղում, ազատվել է աշխատանքից: Ազատվե՞լ է սեփական դիմումի համաձայն, թե՞ Դուք եք ազատել:
 Արամայիս Ավետիսյանն այլևս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում չի աշխատում: Նա ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:
 Լուրեր են շրջանառվում նաև Ձեր պաշտոնանկության մասին: Հավաստի՞ են լուրերը:
Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ես՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, շարունակում եմ աշխատել նույն ոգով:
Սոնա Դավթյան