«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է ՀՀԿ շրջանակների հետ կապ ունեցող՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ հոդված էր հրապարակվել, որ Թելման Թադեւոսյանն աշխատանքի է ընդունել ՀՀԿ-ականների հետ կապ ունեցողների, որոնցից մեկն էլ ծեծել է ցուցարարի:
Աջափնյակի ղեկավարն արձագանքել էր գրառմանը, հերքել էր իր կապը ՀՀԿ-ի հետ: Իսկ կադրային քաղաքականության մասին խոսելիս ասել էր. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո, կադրային քաղաքականություն վարելիս, իմ սկզբունքների համաձայն, հաշվի եմ առել ոչ թե աշխատողների այս կամ այն կուսակցության անդամակցության հանգամանքը, այլ՝ նրանց փորձառությունն ու աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածությունը։ Դա է պատճառը, որ կադրային ջարդ չեմ իրականացրել երբևէ։
Իսկ տեղակալների նշանակման հարցում կարևորել եմ նրանց մասնագիտական հմտությունները, աշխատանքային հարուստ փորձը, մարդկային բարձր որակական հատկանիշները և փոխադարձ վստահությունը»:
Ինչ վերաբերում է 2016 թ-ին Սարի թաղում ցուցարարներին ծեծող Արամայիս Ավետիսյանին աշխատանքի ընդունելուն, վարչական շրջանի ղեկավարը գրել է. «…անկեղծորեն նշեմ, որ նրա անցյալի մանրամասներից տեղյակ չեմ եղել, ավելի մանրամասն տեղեկացել եմ ընթացքում և զրուցել եմ նրա հետ, լսել նրա պարզաբանումները»:
Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից Araratnews.am-ի հետ զրույցում հերքեցին աշխատանքից ազատման լուրը: Քաղաքապետի մամուլի խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ հեռախոսն անջատված էր:
Սոնա Դավթյան