Շվեդիայում երկուշաբթի օրը մեկնարկում է 112-րդ Նոբելյան շաբաթը։ Առաջինը հայտնի կդառնա բժշկության և ֆիզիոլոգիայի անվանակարգում այս տարվա դափնեկիրը, որին կհաջորդեն նաև մյուս անվանակարգերը՝ հոկտեմբերի 8-ին՝ ֆիզիկայի ոլորտի հաղթողը, հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 11-ին՝ խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, հոկտեմբերի 14-ին՝ էկոնոմիկայի։
Առայժմ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։ Սովորաբար Նոբելյան մրցանակի խորհուրդը դրա մասին հայտարարում է հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկին։ Նոբելյան խորհուրդը երբեք չի հայտարարում մրցանակակիրների հնարավոր ցուցակը, սակայն մասնագետները շատ հաճախ փորձում են կռահել նրանց անունները՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում ունեցած հաջողությունները։ Իսկ բուքմեյքերներն ընդունում են խաղադրույքներ։