տուն Լուրեր «Տարոն ավիան» կսպասարկի Գյումրի-Մոսկվա ուղղությունը «Պոբեդայի» փոխարե՞ն

«Տարոն ավիան» կսպասարկի Գյումրի-Մոսկվա ուղղությունը «Պոբեդայի» փոխարե՞ն

171
0

Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը երեկ Araratnews.am-ի հետ զրույցում հայտարարել էր՝  եթե անգամ  ռուսական «Պոբեդա» ընկերությունը  Գյումրից Մոսկվա թռիչքներ չանի, ապա հոգ չէ: Նրան փոխարինող  հայկական ավիաընկերություն կա: Թե որն է այդ ընկերությունը, վարչապետի խորհրդականն անուններ չտվեց:

Araratnews.am-ի տեղեկություններով՝  «Պոբեդային» հնարավոր է փոխարինի հայկական «Տարոն Ավիա» ընկերությունը: Առավոտվանից փորձում ենք ընկերությունից պարզաբանում լսել, սակայն «տնօրնեը զբաղված է, խորհրդակցության է»  պատճառաբանություններով  այդպես էլ պատասխան չստացանք աշխատանքային  ժամի ավարտին, չնայած ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը լսել էր մեր հարցը:

Զանգահարեցինք  քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ լուրերի իսկությունը ստուգելու: Կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասյանը մեզ հետ զրույցում դժվարացավ լուրերը մեկնաբանել: Նրա խոսքով՝ այդ հարցի հասցեատերը «Տարոն ավիա» ընկերությունն է:

Նրա պարզաբանմամբ  մինչեւ դեկտեմբեր ավիաընկերությունները կարող են  ձմեռային թռիչքների հայտ ներկայացնել: «Ավիաընկերությունների մեծ մասը դեռ ձմեռային թռիչքների հայտ չի ներկայացրել: Եթե մինչեւ դեկտեմբեր «Պոբեդայից» պատասխան չստանանք, կարող ենք  խոսել չթռչելու մասին: Բայց հիմա՝  ամառային շրջանում,  4 թռիչքի համար «Պոբեդան»  հայտ է ներկայացրել»,- մանրամասնեց քաղավիացիայի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է «Պոբեդա» ընկերությանը փոխարինելուն, «Պոբեդայի» խնդիրներին,  Ստեփան Փայասյանը նախ հստակեցրեց՝ ոչ մի ավիաընկերություն  մյուսին չի փոխարինում, ապա ասաց՝ մինչ օրս «Պոբեդան» ոչ մի բողոք, դժգոհություն պաշտոնապես կոմիտեին չի ասել: «Գյումրի Մոսկվա ուղղությունը պոտենցիալ կարող են  սպասարկել  Հայաստանում գործող 4  ավիաընկերություն, որոնք ունեն ուղեւորատար ինքնաթիռներ: Հիմա թե որ մեկը կանի դա, չեմ կարող ասել»,-պատասխանեց Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալը:

Այսինքն,  եթե «Տարոն Ավիան» ցանկանա սպասարկել Գյումրի-Մոսկվա ուղղությունը, ապա, ըստ Փայասյանի, կարող է առանց ավիացիայի թույլտվության դա անել:

Սոնա Դավթյան