տուն Հասարակություն Բժիշկ Հունվարի 1-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը

Հունվարի 1-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը

173
0

arm139696189770

2015թ. հունվարի 1-ի 00.01-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` այս ծրագիրը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունի և մեծ պատասխանատվություն է պարտադրում։

Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։ Այդ ուղղությամբ նախարարի մոտ մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են եղել, նախապատրաստական մեծ աշխատանքներ կատարվել։

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված չափորոշիչները լրամշակվել են մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա։

Արդյունքում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Հաստատվել է նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը, գործողությունների ժամանակացույցը։