«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ նոր ձևավորված խորհրդարանում ընդդիմության դերը կարող է տանել «Ծառուկյան» դաշինքը: Այս մասին ի պատասխան Araratnews.am-ի հարցի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարտիրոսյանը:
«Ինքը դասական իմաստով, ցավոք, ընդդիմություն չի լինի, մի փոքր այլ ձեւի կլինի, բայց միեւնույն է, այս պահին իրապես ժողովրդի շահի պաշտպանություն ես տեսնում եմ այդ դաշինքում: Թեեւ մտավախություն ունեմ, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի տանիքի տակից կփորձի առանձին անհատների հետ աշխատելով` քանդել այն»,- նշեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը՝ հստակեցնելով, որ մտավախության պատճառն այն է, որ «Գագիկ Ծառուկյանն իր համար այլ է, դաշինքը` այլ»:
Հիշեցնենք՝ խորհրդարան անցած քաղաքական ուժերից «Ելք» դաշինքը մշտապես հայտարարել է իր՝ «իրական ընդդիմադիր» լինելու մասին:
Շողիկ Գալստյան