Վառ, գույնզգույն զատկական հավկիթները թե տոնական սեղանի զարդարանք են և թե Զատկի ծիսական նվեր: Չէ՞ որ ձուն համարվում է նորացվող կյանքի խորհրդանշան:
Ըստ եկեղեցական ավանդության` հավկիթը հարկավոր է ներկել Զատկի նախօրեին` Ավագ հինգշաբթի, այն օրը, երբ ընդունված է տանը մաքրություն անել, լողանալ, սափրվել, մազերը կտրել:
Քրիստոսի Հարության տոնին` Զատկին, բոլոր տանտիրուհիները հավկիթ են ներկում: Ոմանք օգտագործում են քիմիական ներկեր և հատուկ սինթետիկ թաղանթներ, իսկ մյուս մասը նախընտրում է բնական ներկերը, քանի որ դրանք ավելի անվտանգ են առողջության համար: Հատկապես եթե տանը երեխաներ կան, ապա նախապատվությունը պետք է տալ միայն բնական ներկերին` սոխի կճեպին, ճակնդեղի հյութին, քրքումին և այլն: Չէ՞ որ ներկերը կարող են թափանցել հավկիթի մեջ և ընկնել երեխայի օրգանիզմ:
Եվ այսպես, ներկում ենք Զատկի հավկիթը. փոքրիկ խորամանկություններ
Հավկիթը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, այլ ոչ թե սառնարանից անմիջապես հանված, այլապես կարող է խաշելիս ճաքել: Որպեսզի ներկը հավասարաչափ նստի, նախքան ձուն խաշելը այն լվացեք, կարելի է նաև` աման լվանալու հեղուկով, որպեսզի ճարպի շերտն անցնի, ապա սրբեք սպիրտով: Իսկ որպեսզի խաշելիս չճաքի, խաշելիս ջրին ավելացրեք 1-2 ճաշի գդալ աղ:
Եթե ուզում եք, որ ներկելուց հետո հավկիթները փայլեն, ներկից հանելուց հետո չորացրեք, ձեթ քսեք և բնական կտորով շփեք:
Սոխի կճեպով հավկիթը ներկելը ամենահայտնի ու պարզ միջոցն է: Ներկը պատրաստվում է այսպես. կաթսայի մեջ լցրեք սոխի կճեպ (որքան շատ` այնքան լավ) և ջուր լցրեք: Թողեք կես ժամ, որից հետո եռալուց հետո մեղմ կրակի վրա մոտ 30-40 րոպե եփեք: Թողեք եփուկը լրիվ հովանա. այն արդեն պատրաստ է: Ապա հավկիթը դասավորեք սոխի կճեպի հյութով ամանի մեջ և եռալուց հետո 7-10 րոպե եփեք:
Կարելի է այս փուլը բաց թողնել և հավկիթը միանգամից դնել սոխի կճեպով և ջրով կաթսայի մեջ, սակայն այս դեպքում ներկված հավկիթի գույնն այնքան հագեցած չի լինի: Եվ հետո. եթե ցանկանում եք կատարյալ հարթ մակերևույթ ստանալ, եփուկը պետք է քամել և հավկիթը խաշել առանց սոխի կճեպի «մաքուր» հեղուկի մեջ: Ուզում եք հագեցած գույն` ուրեմն ավելի շատ սոխի կճեպ, և պատրաստ լինելուց հետո թողեք մնա եփուկի մեջ, մինչև ցանկալի գույնը ստանալը:
Մեզանում կարմիր գույն ստանալու համար տարածված է նաև տորոնի արմատով ներկելը: Այս դեպքում նույնպես` որքան շատ տորոնի արմատ, այնքան հագեցած գույն (մոտավորապես այս հաշվարկով` 30 հավկիթի համար առնվազն 3 կապ): Տորոնի արմատով ներկելու սկզբունքը նույնն է, ինչ սոխի կճեպի դեպքում:
Այնպիսի բնական ներկի շնորհիվ, ինչպիսին ճակնդեղն է, ձուն ձեռք է բերում կարմրի տարբեր երանգներ` նուրբ վարդագույնից մինչև մուգ բորդո: Սա կախված է այն ժամանակահատվածից, որի ընթացքում ձուն կթողնեք ճակնդեղի հյութի մեջ, ինչպես նաև հյութի խտությունից:
Եղանակ 1
Վարդագույն հավկիթ ստանալու համար պինդ խաշած հավկիթը դրեք թարմ քերած ճակնդեղի հյութի մեջ: Եթե հավկիթները հյութով թասի մեջ գիշերը թողնեք սառնարանում, ապա դրանք ավելի մուգ բորդո երանգ կունենան:
Եղանակ 2
Մաքրեք 2-3 ճակնդեղ, խոշոր քերիչով անցկացրեք և վրան ավելացրեք մի փոքր ջուր: Ավելացրեք 1 թեյի գդալ քացախ և եռացրեք 5-10: Եփուկի մեջ դրեք պինդ խաշած հավկիթը: Որքան երկար մնան եփուկի մեջ, այնքան լավ կներկվեն:
Եղանակ 3
Ճակնդեղը մաքրեք և մանր քերիչով անցկացրեք, որպեսզի ստացվի խյուս: Այդ խյուսով շփեք պինդ խաշած հավկիթը: Որքան երկար մնան ճակնդեղի մեջ, այնքան հագեցած և մուգ գույն կստացվի:
Եղանակ 4
Ամենախնայող եղանակը հավկիթը ճակնդեղի հետ խաշելն է: Այսպես, հավկիթը ներկվում է, իսկ ճակնդեղը կարելի է օգտագործել աղցան պատրաստելու համար:
Շարունակելի