Սկիզբը` այստեղ
Այսօր հայտնվել են Զատկի հավկիթները ներկելու և զարդարելու բազմաթիվ եղանակներ: Կարևոր է, որ հասկանաք՝ քիմիական նյութեր և ձևավորման միջոցներ կարելի է կիրառել դատարկ (առանց պարունակության կճեպ), փայտե և կավե հավկիթների վրա, այսինքն՝ նախատեսված զուտ դեկորատիվ նպատակների համար: Իսկ ուտելու համար օգտագործեք մեր մամիկ-տատիկների ավանդական բնական ներկերը: Հիշեք՝ տան անդամների առողջությունն ամեն ինչից վեր է:
Հիշեցնենք, որ բնական ներկերով հավկիթները ներկելու համար հավկիթը պետք է լվանալ և շփել քացախով. այսպես ներկն ավելի լավ է մտնում: Իսկ ներկելուց հետո դրանք շփել ձեթով՝ փայլ հաղորդելու և վառ գույնը պահպանելու համար:
Ճակնդեղի հյութը, որքան էլ զարմանալի է, վառ գունավորում չի տալիս, այս խնդիրն ավելի լավ է լուծում մոշի (ежевика) կամ արոսիի (черноплодная рябина) հյութը: Ներկելու այս եղանակի համար ավելի լավ է վերցնել սպիտակ հավկիթ, այլ ոչ թե դեղին, այդ ժամանակ ներկն ավելի վառ կլինի:
Սառեցրած մոշը պատառաքաղով ճզմել, լցնել կաթսայի մեջ և վրան ջուր ավելացնել (200 մլ ջրին 100 գ հատապտուղ), եփել 15-20 րոպե, սառեցնել, մեջը դնել քացախով կամ սպիրտով ճարպազերծված հավկիթները և պինդ խաշել:
Եթե հում հավկիթը խաշեք սպանախի կամ եղինջի հետ, հավկիթը ձեռք կբերի կանաչ գույն` կախված կանաչու խտությունից:
Դեղին գույն կստացվի, եթե հավկիթը խաշեք քրքումի մեջ` 500 մլ ջրին 3 ճաշի գդալ քրքում: Եռացող ջրի մեջ լցնել քրքումը, եփել ևս 10-15 րոպե, ապա եփուկը պաղեցնել, մեջը դնել հավկիթները և պինդ խաշել: Ապա հավկիթները եփուկից հանել և այն պաղեցնել: Ավելի հագեցած գույն ստանալու համար հավկիթները կարելի է նորից դնել եփուկի մեջ և մի քանի ժամ պահել:
Մանուշակագույն հավկիթ կստացվի, եթե խաշեք մանուշակի մեջ: Վերցրեք մանուշակի ծաղիկները, վրան լցնել տաք ջուր, լուծույթը թրմեք և գիշերը դրա մեջ թրջեք հավկիթը: Եթե ջրին ավելացնեք մի քիչ կիտրոնահյութ, կստացվի նարդոսի (лаванда) գույն:
Եթե հավկիթը խաշեք ընկույզի կճեպով, կստացվի բաց բեժագույն կամ շագանակագույն: Նույն գույնը կարելի է ստանալ, եթե հավկիթը խաշեք մուգ սուրճով կամ թեյի թուրմով:
Կապույտ հավկիթ կարելի է ստանալ այսպես. 1-2 գլուխ կարմիր կաղամբը մանր կտրատել, լցնել ապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ քացախ և ջուր, խառնել, ծածկել սննդային թաղանթով կան կափարիչով և գիշերը թողնել սառնարանում. կաղամբն իր հյութը կտա: Ճարպազերծված հավկիթները դնել այդ ջրի մեջ և պինդ խաշել: Խաշելուց հետո հյութը քամել և հավկիթները նորից մի քանի ժամ դնել դրա մեջ:
Կամ` կարելի է նաև արդեն պինդ խաշած հավկիթը շփել կարմիր կաղամբի տերևներով: