տուն Հասարակություն Իրավական 3 միլիարդ դրամի չարաշահման հետքով. իշխանը լցվել է նախկին օլիգարխների ձկնաբուծարաննե՞րը

3 միլիարդ դրամի չարաշահման հետքով. իշխանը լցվել է նախկին օլիգարխների ձկնաբուծարաննե՞րը

639
0

Օրեր առաջ անդրադարձել էինք Պետական վերահսկողական ծառայության՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում  3 միլիարդ դրամի չարաշահմանը:

Araratnews.am-ին նոր տեղեկություններ են հասել ՊՎԾ-ի այս բացահայտումից:  Ուսումնասիրությունը 70 էջ է: Հայտարարության մեջ նշված  ուկրաինական ընկերությունը, որի անունը, նախաքննության հանգամանքները հաշվի առնելով, չի հրապարակվել, Ուկրաինայում բավական հայտնի է, չի ցանկանում մատակարարել կատամարանը, որի համար պետությունը հիմնադրամի միջոցով նախօրոք վճարել է 234 միլիոն դրամ: Հիմնադրամը ապրանքի մատակարարման պայմանագիր կնքելու փոխարեն կապալի պայմանագիր է  կնքել, վճարումները նախապես կատարել,  նույնիսկ 55 մլն դրամ էլ ավելի վճարել ուկրաինական  ընկերությանը: Թե ինչու են այդպես արել, որեւէ  բացատրություն  պատասխանատուները չեն տվել:

Բացի ուկրաինական ընկերությունից, մասնավոր շատ ընկերություններ եւս առնչվել են հիմնադրամին, որոնց անունները  նախաքննության ավարտից եւ մեղադրանքի հաստատումից հետո գուցե հրապարակվի: Ավելին՝ կան ընկերություններ, որոնք ուսումնասիրության ենթակա 3 տարիների ընթացքում միայն մեկ գործարք են արել և միայն վերոնշյալ հիմնադրամի հետ:

Ուսումնասիրության ժամանակ  բացահայտվել է նաև այն, որ գնումներն արվել են մեկ անձից:  Օրենքը, իհարկե, դա  չի արգելում, բայց  դարձյալ առնչվում ենք խնդրի բարոյական կողմին՝ կարող էին հարցում անել տարբեր ընկերությունների եւ գտնել ամենացածր արժեքը:

Մի ուշագրավ տեղեկություն եւս՝ ըստ մեր աղբյուրների։ Չի բացառվում՝ սույն գործում ներգրավվեն նաև ձկնաբուծարան ունեցող  նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բանն այն է, որ հիմնադրամը պետք է վերականգներ Սեւանի իշխանի պաշարները, բայց Սեւանի ավազան  լցվելու փոխարեն  լցվել են նախկին օլիգարխների մասնավոր ձկնաբուծարանները:

Մեկ եզրահանգում եւս: Պետությունը պիտի նաև եկամուտ ստանար հիմնադրամի գործունեությունից մոտավորապես 30 միլիոն դրամի չափով, բայց չի ստացել:

Հիշեցնենք՝ ՊՎԾ-ն այս ուսումնասիրությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այնպես որ, ինչպես ժողովուրդն է ասում, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Պարզապես զարմանալի է, որ այսքանից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը, որը  2016 թվից աշխատում է հիմնադրամում, պնդում է՝ ՊՎԾ-ի հայտնաբերածը ոչ թե խախտում, այլ ընդամենը կասկած է, գողություն էլ չի եղել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here