տուն Հասարակություն Իրավական Չեմ կարծում՝ գողություն է կատարվել. հիմնադրամի տնօրենը՝ 3 միլիարդի խախտման մասին

Չեմ կարծում՝ գողություն է կատարվել. հիմնադրամի տնօրենը՝ 3 միլիարդի խախտման մասին

432
0

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում 2015-2018 թվականներին միլիարդ դրամի չարաշահումների մասին:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը, որը 2016-2019 թթ. աշխատել է հիմնադրամում, իսկ 2019-ի ապրիլի 1-ից նշանակվել է  հիմնադրամի գործադիր տնօրեն, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ստուգումներն սկսվել են հիմնադրամի կառավարման մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի պահանջով:

Ըստ գործադիր տնօրենի՝ ՊՎԾ-ը ներկայացրել է կասկածներ, ինչից հետո հիմնադրամը տվել է իր պաշտոնական կարծիքը դրանց մասին: «Շուտով կլինի քննությունը: Առաջին հետաքրքրվող մարդը ես եմ, որ ամեն ինչ պարզվի, և մաքուր էջից սկսվի»,- ասաց պարոն Մամիկոնյանը:

Հարցին՝ արդյոք 3 միլիարդ դրամի խախտման փաստը տնօրենին չի՞ զարմացրել, Վարդան Մամիկոնյանն ասաց. «Քննությունը կպարզի, բայց չեմ կարծում՝ 3 միլիարդի հասնի: Ի՞նչ 3 միլիարդ: Դրանք խախտումներ չեն, այլ ՊՎԾ-ի կասկածներ»:

Ո՞ր պաշտոնյաներն են պատասխանատու խախտումների համար՝ հարցին ի պատասխան՝ Վարդան Մամիկոնյանը, իսկ ավելի ուշ՝ գործադիր տնօրենի աշխատակիցը անուններ չհրապարակեցին: Ավելին, մեր հեռախոսազանգին պատասխանողը նույնիսկ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ենք ցանկանում իմանալ, թե ովքեր են հիմնադրամում նախկինում աշխատել: Պատասխանեցինք՝ հոդված ենք հրապարակելու: Նա ասաց՝ գլխի է ընկնում, թե ինչու ենք հետաքրքրվում, բայց ոչնչով չի կարող օգնել: Հիմնադրամի կայքում ևս նախկին աշխատակիցների, հոգաբարձուների նախկին խորհրդի մասին տեղեկություն չկա:

Գործադիր տնօրենը հավաստիացրեց՝ ՊՎԾ-ի խախտումների հետ ինքը ոչ մի կապ չունի, բայց խոսել է խախտումների հետ կապ ունեցողների՝ հիմնադրամի նախկին աշխատակիցների հետ, որոնք չեն ընդունում ՊՎԾ-ի հայտարարությունը և հավաստիացնում են՝ արել են ամեն ինչ հիմնադրամի համար: «Կարծում եմ՝ որևէ մեկը խախտում թույլ չի տվել: Չեմ կարծում, թե գողություն է կատարվել»,- ավարտեց իր խոսքը հիմնադրամի գործադիր տնօրենը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here