Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով խմբակցության մեկ ամսվա աշխատանքը ավագանիում, նշեց այն խնդիրները, որոնք արդիական են մայրաքաղաքում. «Հիմնականում խնդիրները, որի վերաբերյալ մենք իրականացրել ենք ուսումնասիրություն և ունենք եզրահանգումներ, դրանք տրանսպորտի ոլորտին են վերաբերում, քաղաքացիների սոցիալական խնդիրներին: Մենք նաև ունենք թվով մեծ շահառուների խնդիր, ովքեր դիմել են մեզ թե՛ փողոցի սեփականաշնորհման հետ կապված, թե՛ շուկայում իրենց առևտուրն իրականացնելու հետ կապված, նաև ունենք մի խումբ շահառուներ, ովքեր խնդիրներ ունեն տրանսպորտից օգտվելու հետ կապված»:
Զարուհի Փոստանջյանի կարծիքով` այսօր Երևանում տրանսպորտի ոլորտն այնքան խնդիրներ ունի, որ ծիծաղելի է այն քաղաքակիրթ անվանելը. «Տարիների այս խնդիրները չեն լուծվում այն պատճառով, որ այստեղ կա մոնոպոլ դիրք, որը գտնվում է մի քանի անձանց ձեռքում»:
Ինչպես ընդգծեց Փոստանջյանը, տրանսպորտի ոլորտը բարելավելու համար քաղաքապետարանը նաև պարտքով վերցրած գումարով դիմել է մի անգլիական կազմակերպության, բայց մինչ այսօր տեսանելի աշխատանք չկա. «Շուրջ 1 մլն դոլարի վարկ է ձեռք բերել քաղաքապետարանը, որի միջոցով ինչ-որ անգլիական կազմակերպության պատվիրել են խորհրդատվական ծառայություն, թե ինչպես պետք է բարելավվի տրանսպորտի ոլորտը Երևանում: Այդ ընկերության և քաղաքապետարանի կողմից անցկացվել են մի քանի քննարկումներ, գումարներն արդեն ծախսվել են, բայց որևէ առարկայական վերլուծություն կամ խորհուրդ տրամադրված չէ: Այս 1 մլն դոլարն ապարդյուն ծախսվել է, մեր հաշվին վերցրել են պարտք, որն իր նպատակին չի ծառայել, և մենք 2018 թվականին Երևանում քաղաքակիրթ տրանսպորտ չենք ունենալու»: