տուն New Year News Քաղաքական Ձմեռ պապն ինձ համար ես ինքս եմ. Անի Սամսոնյան (լուսանկար)

Քաղաքական Ձմեռ պապն ինձ համար ես ինքս եմ. Անի Սամսոնյան (լուսանկար)

391
0

Կնոջ ներկայությունը քաղաքականության մեջ, այդ, թվում է թե, չորուցամաք, անհույզ ասպարեզում, ստեղծում է հեքիաթի պատրանք: Գեղեցիկ, խելացի գործիչը հատկապես, տարեմուտի պատկերավորությամբ, նույնացվում է Ձյունանուշի հետ՝ հաճախ քննադատական հայացքով, բայց, անշուշտ, սրտացավ ու աջակից: Ի՞նչով է հատկանշվել Նոր Տարվա գիշերը, տոնը և ինչո՞վ է այն շարունակում սրտառուչ ծես լինել, ի՞նչպիսին էր 2019 թվականը և ի՞նչ սպասել գալիք՝ 2020-ից: Այս ամենի մասին իր հուշերը, մտորումներն ու մաղթանքները մեզ հետ զրույցում պատմել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Փոքրիկ Անիի համար ինչպես առաջին անգամ տպավորվեցին Սուրբ Ծննդյան տոները:

Հստակ չեմ հիշում, որ թվականի Ամանորն էր, մայրս ինձ տարավ Հանրապետության հրապարակ, որպեսզի ես զվարճանամ տոնածառով և Ձմեռ պապով։ Եվ ահա մեզ մոտենում է ձմեռ պապը և առաջարկում է լուսանկարվել։ Ես նրան նայեցի ոտքից գլուխ, ուսումնասիրեցի կարմիր հագուստը, գլխարկը, սպիտակ մորուքը և ձեռնափայտը։ Երբ աչքս ընկավ կոշիկներին, տեսա, որ Ձմեռ պապը սպիտակ բոթասներով է։ Ցույց տվեցի մորս և ասացի, որ սա կեղծ Ձմեռ պապ է, որովհետև սապոգներ չունի։ Դրանից հետո ես դադարեցի հավատալ «Ձմեռ պապ» ֆենոմենին և ամեն Ամանորի փորձում էի գտնել ծնողներիս պատրաստած նվերները, որոնք «ենթադրյալ» Ձմեռ պապը պիտի կեսգիշերին թողներ տան մուտքի դռան մոտ և «աննկատ» հեռանար։ Ի դեպ, մի քանի անգամ գտել եմ այդ պահած նվերները, բայց ծնողներիս չեմ ասել, որ չփչացնեմ ինձ անակնկալ մատուցելու նրանց անակնկալը։

Նոր Տարվա մասին հիշեցնող մի իր, բացիկ, որևէ բան կա՞, որ պահպանվել է մանկության տարիներից:

Ամանորին, մենք դպրոցում միմյանց բացիկներ նվիրում էինք, հատկապես դա ինձ համար էր հաճելի արարողություն, որովհետև ես ինքս էի պատրաստում դրանք։ Բայց չգիտեմ պահպանվել են դրանք, թե ոչ՝ պիտի փնտրեմ։

Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին, ունե՞ք առանձնահատուկ ծես, ավանդույթ:

Երբ Ամանորը նշում էի ծնողներիս հետ, դա գրեթե միշտ ավանդական ծես էր։ Երկու օր առաջ սկսում էինք նախապատրաստվել. հայրս առևտուրն էր անում, մայրս պատրաստում էր խմորներ, իսկ մենք էլ՝ չորս երեխաներով վազվզում էինք խանութներով։ Չորս օր շարունակ հյուրեր էինք ընդունում։ Հայրս միշտ հպարտանում էր իր պատրաստած հնդկահավի և ձկան ուտեստներով, իսկ մայրս՝ գավառի քյուֆթայով ու փախլավայով։ Ամանորի կեսգիշերին նախորդող ժամերը մի փոքր լարված էին անցնում, որովհետև ծնողներս չէին կարողանում «կիսել» խոհանոցը. գրեթե միշտ վիճում էին, իրարից նեղանում, բայց հետո իհարկե մի բաժակ շամպայնից հետո տրամադրությունը փոխվում էր։ Ես կարծում եմ տոների ընթացքում ձևավորված ավանդույթները կամ ծեսերը ավելի շատ պարբերաբար կրկնվող զգացողություններ են կամ տրամադրությւոններ, քան ինչ-որ հատուկ գործողություններ։ Բայց հանգուցյալ տատիս պասուց տոլման մի ուրիշ ծես էր։

Հիմա Ամանորը ինձ համար լավ հնարավորություն է  կարդալու տարվա ընթացքում այդպես էլ չկարդացած գիրքդ, փնտրելու և գտնելու նոր գիտելիքներ, և իհարկե մնալ ինքդ քեզ հետ, երբ բոլորը զբաղված են տոներով։

Եթե պատկերավոր նշենք, կա՞ արդյոք քաղաքական Ձմեռ պապ և Ձյունանուշ, ինչպիսի՞ն են այդ կերպարները Ձեզ համար, կամ գուցե կոնկրետ՝ անձնավորված են …

Քաղաքական Ձմեռ պապն ըստ իս այն մարդն է, ումից մարդիկ շատ սպասելիքներ ունեն, օրինակ 2020-ին իրենց իղձերը իրագործելու հարցում։ Յուրաքանչյուրի համար դրանք տարբեր մարդիկ կարող են լինել։ Ինձ համար՝ ես ինքս եմ։

Ինչպե՞ս էր ավարտվող տարին Ձեզ համար, Հայաստանի, հայության համար:

Շատ սպասումներով լի տարի էր։ Մարդիկ թարմ քաղաքական միջավայր էին ուզում, թարմ դեմքեր, թարմ խոսք։ Շատ բան՝ դեռ կրկնվում է։ Շատ անելիքներ կան։ Ինձ համար բավականին ակտիվ և մարտահրավերներով լեցուն տարի էր։ Որքանով եմ դա կարողացել հաղթահարել, Ամանորի գիշերը մի բաժակ շամպայն կխմեմ ու կխորհեմ դրա մասին ու կճամփեմ 2019-ը։

Ինչ ակնկալիքներ ունեք Գալիք Տարուց և ինչ ամանորյա մաղթանք ունեք:

Ակնկալում եմ, որ այն, ինչ խոսել ենք 2019-ին Հայաստանի զարգացման օրակարգի շուրջ՝ գոնե 40 տոկոսով իրականություն դառնա։ ժամանակը մեզ չի խնայում, մենք՝ ժամանակը։ Ակնկալում եմ, որպեսզի կրկնապատկվի այդ օրակարգին մասնակցող բոլոր անհատների՝ կլինեն քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր, պարզապես քաղաքացիներ՝ քաղաքական և քաղաքացիական պատասխանատվությունը։

Ինձնից ակնկալում եմ միայն իմ աշխատանքի օգտակար գործողության գործակցի մեծացում, որքան հնարավոր է, որքան կարող եմ։ Համենայնդեպս չեմ խնայի ջանքերս, որովհետև պատասխանատվության զգացումը երբեմն մեր գործադրած ջանքերի նկատմամբ անհամաչափ ուժեղ է։

Զրուցեց Արա Ալոյանը