Շնորհակալ եմ վստահության համար եւ տալիս եմ իմ համաձայնությունը՝ առաջադրվելու եւ մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրությունների։ Այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Նա նշել է, թե պայքարի մեջ է մտնում ժողովրդի համերաշխության եւ միասնության, հանուն արցախցու արժանապատվության եւ ինքնության պաշտպանության, հանուն սերունդների պայծառ ապագայի: «Հավատում եմ արցախցու, հայ մարդու իմաստությանը կյանքին, կամքին, խորագիտությանը, տոկունությանը, կարեկից հոգուն եւ վճռականությանը»,-նշել է Բալասանյանը:
Վերջինս ընդգծել է՝ անվիճելի իրողություն է, որ Արցախն այլեւս կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, մասնագետներով, անկախության պայմաններում ծնված ազգային եւ ավանդական արժեքներով մեծացած սերնդով:
Ընտրություններին որպես նախագահի թեկնածու է առաջադրվել նաեւ Արցախի Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը։