Ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով վերջին օրերին հայտնվել է ամերիկյան և համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ներողություն է խնդրել նախօրեին CNN-ի եթերում իր անպարկեշտ պահվածքի և Հյուսիսային Կորեայում 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի միսիոներ Քենեթ Բեյի հասցեին արված հայտարարության համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել։ Իմ արարքների համար ես եմ պատասխանատու։ Ծանր օր էր։ Շատ էի խմել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել Քենեթ Բեյի ընտանիքից։ Անհարմար դրության մեջ եմ դրել շատ մարդկանց։ Շատ եմ ցավում»,- ասել է Ռոդմանը։
Հիշեցնենք, որ երեկ կայացել է NBA-ի և Հյուսիսային Կորեայի հավաքականների ընկերական խաղը, որը նվիրված էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ծննդյան օրվան։ Այստեղ Ռոդմանը «Ծնունդդ շնորհավոր» երգն է երգել Կիմ Չեն Ինի համար։