Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին: Նրա խոսքով՝ դասերի տեղափոխությունը վերաբերում է ինչպես դպրոցներին, այնպես էլ մանկապարտեզներին, բուհերին և քոլեջներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Դպրոցականները լսարանային պարապմունքները լրացնելու անհրաժեշտություն չունեն, քանի որ տանն են մնում՝ ի հաշիվ իրենց համար նախատեսված գարնանային արձակուրդների, իսկ ուսանողներ համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ, ուստի նրանք պետք է հետագայում լրացնեն բաց թողնված լսարանային պարապմունքները:
Պարզելու համար, թե հետագայում բուհերում ինչպես կլրացվեն լսարանային պարապմունքները, AraratNews.am-ը կապ է հաստատել որոշ բուհերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչների հետ:
AraratNews.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) նշեցին, որ իրենք դեռևս չեն կարող հստակ պատասխան տալ այդ հարցին, քանի որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնական հրամանը դեռ չեն ստացել:
«Ինչ քննություններ, որ ունեինք այս շաբաթվա համար նախատեսված, մենք դրանք կտեղափոխենք, գրաֆիկները լրացուցիչ կազմվելու և լրացվելու են: ԿԳՄՍ նախարարի պաշտոնական հրամանը բոլոր բուհերն այսօր կստանան: Դեռ հրամանը չենք ստացել. ակնկալում ենք, որ հրամանում որոշ ցուցումներ կլինեն»,-AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ելենա Գրիգորյանը:
Նա նշեց, որ լսարանային պարապմունքները ՀՀ ՊԿԱ-ում հնարավոր է՝ լրացվեն կամ խտացված գրաֆիկով, կամ էլ ուսումնական տարվա՝ կիսամյակային պարապմունքների մեկշաբաթյա երկարացմամբ:
«Մենք ուսանողներին՝ իրենց անհատական էլփոստերի միջոցով իրազեկում ենք հետագա ուսումնական պրոցեսի ընթացակարգի մասին: Բացի այդ՝ ՀՀ ՊԿԱ-ի պաշտոնական էջում ուսումնառության հետ կապված տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է»,- ընդգծեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ելենա Գրիգորյանը:
Ե. Գրիգորյանը հավելեց, որ ուսումնական գործընթացի կազմակերպման հետագա ընթացակարգը կախված է ԿԳՄՍ նախարարի հրամանից:
Հայկական պետական մանկավարժական համալսարանից AraratNews.am-ին հաղորդեցին, որ իրենք լսարանային պարապմունքների հետագա լրացման հետ կապված ոչինչ չեն կարող ասել, քանի որ դեռ չեն ստացել նախարարի պաշտոնական հրամանը: