Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նախագահի աթոռի համար պայքարում է 14 թեկնածու:
Araratnews.am-ը օրեր առաջ Արցախում էր: Փորձեցինք զրուցել նախագահի թեկնածու, ԱԳ նախկին նախարար Մասիսի Մայիլյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց բանավոր պատասխանել լրատվամիջոցի հարցերին: Մասիս Մայիլյանին ցանկանում էինք հարցնել՝ ինչո՞ւ է նա իր նախընտրական քարոզարշավում՝ Այգեստանում, հանդիպումներից մեկի ժամանակ օգտագործել «տերակտ» բառը, երբ հարց է հնչել իրեն աջակցող Սամվել Բաբայանի մասին, ինչո՞ւ է նրա մուտքը ՌԴ արգելվել, արդյոք նա կապ ունի Արևմուտքի, «Բաց հասարակության հիմնադրամի» հետ, ինչո՞ւ է քննադատում այն կառավարությանը, որի անդամ է եղել մինչեւ նախագահի թեկնածու առաջադրվելը:
Մասիս Մայիլյանի աջակից եւ Մայիլյանի կապը լրատվամիջոցների հետ համակարգող Գեղամ Բաղդասարյանը սկզբում պատճառաբանեց պարոն Մայիլյանի զբաղվածությունը, իսկ երբ խնդրեցինք մեզ ուղղակի տեղեկացնել, թե որ օրը որտեղ է նախընտրական հանդիպում ունենալու պարոն Մայիլյանը, որպեսզի փորձենք գոնե հանդիպումից հետո զրուցել նրա հետ, Գեղամ Բաղդասարյանն ասաց՝ թեկնածուի հետ պետք է պայմանավորված լինի նրա քարոզարշավի լուսաբանումը:
Մասիս Մայիլյանին ու նրա աջակիցներին հիշեցնենք՝ քարոզարշավը, նախընտրական հանդիպումները հանրային բաց միջոցառումներ են, ուստի ցանկացած լրատվամիջոց, օգտվելով ազատ տեղաշարժի իրավունքից, կարող է դրանք լուսաբանել:
Ի դեպ, Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցել նաև նախագահի թեկնածուների դեբատին, որը օրենքի պահանջ է:
Այսքանից հետո հարց է ծագում՝ ինչպես է պարոն Մայիլյանը ստանձնելու երկրի կառավարումը, եթե բանավոր, հանպատրաստի ելույթներից, լրատվամիջոցների հետ բանավոր շփումից խուսափում է: Հուսանք՝ նախագահի թեկնածուն կանդրադառնա այս հարցերին:
Սոնա Դավթյան