«Վերջին շրջանում մի տեսակ հերոսներին, հաղթողներին հեղինակազրկելու միտում է նկատվում: Մարդիկ, նոր սերունդը ի՞նչ կերպարների, հավաքական հերոսների է ուզում նմանվել, եթե նախկին բոլոր ղեկավարներին, պաշտոնյաներին ցանկանում են պատժել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացին:
Նրա խոսքով, սակայն, ինքը կողմ է արդարադատությանը, եթե մեղավոր են՝ պետք է պատասխանատվության ենթարկել:
Շարունակելով հավաքական կերպարների թեման՝ Ստեփանակերտում ընթացող մամլո ասուլիսի ընթացքում Վիտալի Բալասանյանն անկեղծացավ, որ իր հինգ թոռներն արդեն կողմնորոշվել են իրենց մասնագիտության հարցում:
«Իմ թոռնիկներն, օրինակ, չեն ուզում նմանվել ինձ: Գեներալի՝ իմ կերպարը նրանց սրտով չէ, քանի որ վերջին շրջանում տեսնում են, թե ինչ են գրում իմ մասին սոցիալական ցանցերում, համացանցում»,- ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը: