Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով չարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթելով նոր թաղապետին:
Թեև նախկին թաղապետը չի մանրամասնել, թե ինչու է դիմում գրել,սակայն մամուլում լուրերն են շրջանառվում, որ Գևորգ Բաբայանը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար:
Ինչպես հայտնում է Factor.am-ը, մասնավորապես, նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:
Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի տեսուչը նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին այդ առանձնատներից մեկի հետ կապված խախտումները բացահայտել է և դրա վերաբերյալ արձանագրություն է կազմել, սակայն Բաբայանը տեսուչից վերցրել է արձանագրությունը և նրան ազատել աշխատանքից: Այդ արձանագրության կրկնօրինակը, սակայն, հայտնվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղից էլ ուղարկվել Ոստիկանություն:
Այժմ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մեզ հայտնի դարձավ, որ արդեն հարցաքննվել են Գևորգ Բաբայանը և աշխատանքից ազատված տեսուչը: