Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Ուեսս Միթչելը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։
Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։
Կողմերը անդրադարձել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի գործունեությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: