ՊՆ-ի որակմամբ ծառայության վերադառնալու ցանկություն չունեցող զինծառայող Յուրիկ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պատասխանել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հայտարարությանը:
«Սա ուղղակի խայտառակություն է…
Նախ՝ զինծառայողը չի բուժվել, այլ՝ զորամասում, ռազմականում բռնության ենթարկվելուց հետո այժմ Յուրիկ Բրոյանի բուժումն անհնարին է դարձել, ուստի, Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնը նրան դուրս է գրել և արձանագրել այն փաստը, որ չի բուժվում:
Անձամբ մեկ շաբաթ առաջ եմ խոսել բժիշկների հետ, ովքեր հավաստիացրել են, որ պիտանի չէ ծառայությանը, երկրորդ՝ անձամբ մեկ շաբաթ առաջ եմ տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որ վստահորդիս դուրս են գրում, ուղարկեն տուն, խնդրել եմ մի քանի օր ուշ դուրս գրել, որպեսզի զորացրման հարցը պաշտպանության նախարարությունը հասցնի պաշտոնապես կարգավորել, սակայն, ինչպես տեսանք, մինչ օրս որևէ քայլ չէր ձեռնարկվել, և պաշտպանության նախարարության անկազմակերպվածության արդյունքում, զինծառայողին դուրս էին գրել, մոր հետ ուղարկել տուն:
Երրորդ՝ զինծառայողը այնքան հիվանդ է, ցնցումների մեջ, որի մասին արդեն նույնիսկ Եվրոպան է տեղյակ, նա ի վիճակի չէ որևէ անհայտ ուղղությամբ գնալու, կրկնում եմ՝ նրան մոր հետ ուղարկել են տուն, որովհետև նա կրել է առողջության անդառնալի վնաս, այսինքն՝ հնարավոր չէ նրան բուժել:
Ցավում եմ, որ մենք ունենք պետական անմարդկային պաշտոնյաներ, բայց հավաստիացնում եմ, որ զինվորին այս վիճակին հասցնելու համար պատասխանատվության են ենթարկվելու՞»։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ զիծառայող շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս: Հաղորդվում էր, որ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ: