Պաշտպանության նախարարության Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի նախկին պետ, զինվորական կոմիսարի նախկին տեղակալ Վարդգես Համբարձումյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ ՊՆ նախկին պաշտոնյան կաշառք ստանալու պատրվակով, 2017-ի սեպտեմբերի 11-ին Արսեն Վարդանյանից պահանջել է 28.000 ԱՄՆ դոլար։ Նույն աղբյուրի համաձայն, նա հոկտեմբերի 4-ին իր աշխատասենյակում վստահությունը չարաշահելու եղանակով Վարդանյանից ստացել է դրա մի մասը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով 4 մլն 783.800 դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը:
ՊՆ նախկին պաշտոնյայի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3—րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։ Այժմ Համբարձումյանը կալանավորված է։
Քրեական գործը ընդունվել է Էրեբունի և Նուբարաեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և այն քննելու է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։