Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին ջրի սակագնի բարձրացման որոշման դիմաց «Վեոլիա ջուր» ընկերության կողմից կաշառելու կապակցությամբ: Հիմա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձեր է անում հերքել ՀՀ ոստիկանության հայտարարությունը` ջրի սակագնի բարձրացման համար «Վեոլիա ջուրը» որպես կաշառք ՀԾԿՀ նախագահի (խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի մասին է) ու պաշտոնատար անձանց համար ավիատոմսեր է գնել, փոխանցել է հյուրանոցի ծախսը:
Մինչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտացածին է համարում ՀԾԿՀ ներկայացուցիչների` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը, այս ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, թե այդ կառույցների անդամները առհասարակ որքան աշխատավարձ են ստանում եւ ինչ ունեցվածք ունեն: Հայաստանում սովորաբար պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման պատճառ բերվում է կոռուպցիայի կանխման եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ջանքերը: Մինչդեռ այլ երկրներում տեսակետ կա, որ բարձր աշխատավարձը կաշառակերության գինը մեծացնում է, իսկ աշխատավարձի չափը սահմանվում է ըստ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության: Եթե աշխատանքի արդյունավետությունը ցածր է, ապա կստանա ցածր աշխատավարձ: Բայց մեզ մոտ հակառակ երեույթն է. ՀԾԿՀ անդամների ամսական աշխատավարձը մինչեւ 1 մլն դրամ է կազմում: Ու չնայած այդ հանգամանքին, նրանց անունը, միեւնույն է, շրջանառվում է կոռուպցիոն գործարքների համատեքստում: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Հանձնաժողովի անդամների դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը: Սկսենք հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանից, ով այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա մայիսին: 46-ամյա Սողոմոնյանը պետական պաշտոն զբաղեցրել է 1999 թվականից սկսած, առաջատար մասնագետից: Ըստ պաշտոնական հայտարարագրի` ունի «NISSAN PATHFINDER 3.5» մակնիշի ավտոմեքենա, տուն չունի: Համենայնդեպս այդպես նշված է հայտարարագրում: Այս պաշտոնյայի դրամական միջոցը անցած տարեվերջին կազմել է 150 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 902 հազար դրամ, ստացած միանվագ վճարը` 1 մլն դրամի եւ փոխառությունը` 2 մլն 349 հազար դրամի չափով: Նրա կնոջ` Տաթեւիկ Խաչատրյանի դրամական միջոցը կազմել է 145 հազար դոլար: Եւ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը` ամսական 52 հազար դրամ: Թե ինչպես եւ որքան ժամկետում են հասցրել այսքան դոլարներ կուտակել, մեղմ ասած, պարզ չէ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: