Իշխանություն և ոչ իշխանություն հարաբերություններում տեղի ունեցան 4 գործոններ իրականում,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Երևան մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Առաջին գործոնն այն էր, որ բոլորը համոզվեցին, որ Ռուսաստանում շահագրգռված չեն Հայաստանում իշխանափոխության հարցի սրացման համար: Այս դեպքում ստացվում է, որ նման հարցերի սրացումը բարձրացնող քաղաքական ուժերը կզրկվեն Ռուսաստանի հովանավորությունից: Դրա համար իշխանափոխության պահանջից ժամանակավոր հրաժարվեցին քաղաքական ուժերը»:
Ցանկացած քաղաքական սրացում ձեռնտու չի մեր օլիգարխական վերնախավին, նշեց Բորիս Նավասարդյանը: «Քանի որ իրենք հասկանում են՝ եթե սեպ է խրվում իրենց մեջ, ապա իրենից վտանգ է ներկայացնում օլիգարխական ողջ շղթայի համար: Այնպես որ, պատահական չէ, որ օլիգարխական շրջանակներում գտնվող պատկառելի անձնավորություններից մեկը խառնվեց այս գործընթացին»:
Քաղաքական սրացումները ժողովրդի կողմից լավ չեն ընդունվում Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, շեշտեց բորիս Նավասարդյանը: «Այս փաստը հաշվի առնելով քաղաքական ուժերը որոշեցին իշխանափոխությունը փոքր ինչ տեղափոխել ու ներքին սուր հարցերը չխառնել Ապրիլի 24-ի հետ»:
«Ժառանգությունը» հիմա գրավում է ընդդիմության թափուր տեղը, հայտնեց Բորիս Նավասարդյանը: «Քանի որ քաղաքական հիմնական ուժը այլևս չի կարող իրեն համարել ընդդիմություն, ապա ցանկացած երրորդ քաղաքական ուժը կօգտվի հնարավորությունից, և կգրավի այդ թափուր տեղը: Թե որքանով, որ իրենց ռեսուրսները կբավականացնեն, ժողովրդին համախմբելու համար, կտեսնենք ապագայում: Համենայն դեպս նախորդ փորձերը ցույց են տվել, որ դա «Ժառանգությանը» չի հաջողվել: Փաստորեն «Ժառանգությունը» փորձելու է իր դիրքերը ամրապնդել այսօր Ազատության հրապարակում»: