տուն Լուրեր Զգույշ, տպավորության տակ չմնաք. «Ելքի» նախագիծը չընդունվեց

Զգույշ, տպավորության տակ չմնաք. «Ելքի» նախագիծը չընդունվեց

100
0

էէէէ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման շրջանակներում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՛ւ են ցանկանում հարցը քննարկել հատուկ հանձնաժողովում, մշտական հանձնաժողովը ինչո՛վ չի բավարարում «Ելք» խմբակցությանը:  «Ձեր խմբակցությունը, որ ժամանակավոր հանձնաժողով է ստեղծում, իրեն ինչո՞վ չի բավարարում մշտական հանձնաժողովների ձեւաչափը: Բայց հստակեցնեմ, որ հատուկ հանձնաժողովը մշտականի նման չի քննարկում մեկ ժամվա ընթացքում, այլ դա անում է երկու ամսվա ընթացքում: Հարկ եղած դեպքում դռնփակ կարող ենք քննարկել այդ հարցը: Չի բացառվում, որ հատուկ հանձնաժողովի նիստին հրավիրենք նաեւ Սերժ Սարգսյանին եւ պահանջենք պատասխանի, թե ինչպե՛ս եղավ, որ մի գիշերում Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը եւ Աշոտյանին հորդորեց օրենքներին լավ ծանոթանալ:

ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց վերադառնալ կոռեկտության սահմանները. «Ավելի լավ է՝ անդրադառնաք այն ներքին խնդիրներին, որոնք կան ձեր դաշինքում: Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, հիմա այստեղ էլ չեմ սադրվի»:

Փաշինյանն արձագանքեց. «Երեւում է, որ տպավորվել եք, զգույշ, տպավորության տակ չմնաք»:

Հարակից զեկուցող Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին Աշոտյանին «մեղադրեց» շատ համբերատար լինելու մեջ: Ե՛վ Աշոտյանը, ե՛ւ Նաղդալյանը հայտարարեցին, որ նպատակահարմար չեն համարում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե այնպես չէ, որ քննարկում եւ որոշում են հենց այս պահին դուրս գալ ԵԱՏՄ-ից: Խոսքը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին է: «Սա ձեր համար է, պարո՛ն Աշոտյան, դուք էիք ասում, որ էսա մենք ցույց կտանք, թե ի՛նչ լավ բան է ԵԱՏՄ-ն: Միակ նորմալ արգումենտը բերեց  պարոն Գեղամյանը, թե, վա՛յ, գազը կթանկանա, թուրքերին մեր վրա բաց կթողնեն, պարոն Աշոտյանի գույնն էլ գնաց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթի այս հատվածն առաջացրեց ներկաների ծիծաղը: «Անընդհատ էդ են ասում` գազը էժան է, գազը էժան է, ոչ մեկ չի ասում, որ Վրաստանից, Օսեթիայից մարդիկ ընդունելով, որ ճանապարհները փակվեցին, որտեղի՞ց եք բերելու էդ էժան փամփուշտները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, թե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները իրենց փաստարկների վերաբերյալ պնդում են, թե այդպես չէ, սակայն չեն ներկայացնում թե ինչպե՛ս է:

1 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք»խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Նշենք, որ կողմ էր միայն «Ելք» խմբակցության պատգամավոր  Արտակ Զեյնալյանը:  Հանձնաժողովի ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին:

Փայլակ Ֆահրադյան