«Երեկ ես հանդիպել եմ Վարդգես Գասպարիին: Ինքը և Գևորգ Սաֆարյանը միասին են նույն խցում, Հայկ Կյուրեղյանը միայնակ է: Այնտեղ քաղբանտարկյալներից երեքն են գտնվում, մյուսներն այլ քրեակատարողական հիմնարկներում են»,- ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը Վարդգես Գասպարիի հետ զրույցից հետո պնդեց, որ քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ քրեական հետապնդումն ամբողջությամբ տեղի է ունեցել քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտումներով, որն էլ հետագայում հանգեցրել է նրան, որ Գասպարիին կալանավորել են:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ սա մտահոգիչ փաստ է,ահազանգ, որովհետև նման քրեական հետապնդում կարող են իրականացնել յուրաքանչյուր անձի նկատմամբ, ով կօգտվի իր ազատ խոսքի իրավունքից կամ կարծիք կհայտնի ՀՀ դատական համակարգի նկատմամբ:
«Փաստորեն, այս գործը հարուցվել է նրա համար, իբր թե, Վարդգես Գասպարին վիրավորել է դատարանին, մինչդեռ, ՀՀ դատական համակարգի վերաբերյալ ՀՀ գրեթե 99 տոկոս քաղաքացիները նույն կարծիքն ունեն»,- ասաց պատգամավորը:
«Եթե դատական համակարգը վերից վար կոռումպացված է, ապա դա նշանակում է` գնալու տեղ չունես, որտեղ կարող ես գնալ ու փորձել պաշտպանել իրավունքներդ»,- շարունակեց նա: