ՀՀ Ազգային ժողովն այսօր սկսեց հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքները: Մինչ նիստերի օրակարգում ներառված հարցերին անցնելը` ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին հրավիրել Հայաստանի խորհրդարան՝ ուղերձով հանդես գալու:
«Նա այդ ուղերձը բարձրացնում է Թուրքիայի խորհրդարանում եւ ճնշումների ենթարկվում, հետևաբար մենք պետք է մեր համերաշխությունը հայտնենք նրան: Այդ պաշտոնական հրավերը դուք պետք է անեք»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Փոստանջյանը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցը քննարկման ենթակա է. «Պետք է վերլուծենք եւ տեսնենք` արդյոք ձե՞ռք տալիս է նրա այցը Հայաստան, եւ մենք ի՞նչ ենք ուզում դրանով առաջ քաշել: Միտքը շատ լավն է, բայց այստեղ քաղաքական խնդիր կա»:
Փոստանջյանը համաձայնեց, որ հարցը քաղաքական է, նշելով, որ հենց այդ պատճառով էլ պետք է Փալյանին համերաշխություն հայտնել: