ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ անդրադարձել է Շվեդիայի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելու փաստին՝ նշելով, որ ի գիտություն է ընդունել այն։
Ըստ Բան Կի Մունի՝ դա յուրաքանչյուր պետության գործն է՝ ճանաչել Պաղեստինը, թե ոչ։ «Այս կամ այն պետության ճանաչումը մի հարց է, որը ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում։ Գլխավոր քարտուղարն, իհարկե, տեղեկացված է Շվեդիայի որոշման մասին։ Սակայն մեկ անգամ ևս կրկնենք, որ այդ որոշումները անդամ պետությունները կայացնում են ինքնուրույն, և նա դրանք չի մեկնաբանում», — ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի արտգործնախարարը հայտարարել է Պաղեստինի անկախությունը ճանաչելու վերաբերյալ։ Որպես բողոքի նշան՝ Իսրայելը հետ է կանչել իր դեսպանին այդ երկրից։