Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ համայնքների միությունը:
Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապեն հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց.
«Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայաստանի թավշյա հեղափխությանը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը խաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»:
Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա Երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց.
«Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլորին սիրով կհյուրընկալենք Երևանում»:
Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն Եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց.