Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման օրը ԵԽԽՎ պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Ինչպես հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը, հարցերն առնչվել են Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակին, Ուկրաինայում ծավալվող հակամարտությանը, ինչպես նաև Հալեպում ստեղծված իրավիճակին:
Մի շարք հարցեր էլ առնչվել են Հունգարիայում խոսքի ազատության խնդիրներին, «Brexit»-ին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարումներին:
Այս առնչությամբ Յագլանդը շեշտել է, որ իր տարեկան զեկույցում անդրադարձել է սառեցված հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին:
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան տարածվում է ամբողջ մայրցամաքի վրա՝ այդ թվում այդ տարածքներում, և մենք պետք է մուտք ունենանք, որպեսզի հետևենք նաև այս մարդկանց իրավունքների պաշտպանությանը, սակայն այդ հնարավորությունն այսօր չունենք»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: