տուն Քաղաքական Միջազգային Եվրախորհրդարանը երևանյան ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովի անցկացումը գերազանց է գնահատել

Եվրախորհրդարանը երևանյան ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովի անցկացումը գերազանց է գնահատել

77
0

evramiutyunՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 22-ին նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից, նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից:  Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նամակում նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար:

«Երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր և վճռական էր 2012 թվականի Բուխարեստի գագաթաժողովից հետո գրանցած առաջընթացը քննարկելու, այլ նաև բարձրագույն կրթության դերի և դրա հետագա զարգացման և համագործակցության տեսակետից` ԵԲԿՏ նոր մարտահրավերների համատեքստում: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում ԵԽ-ի դիրքորոշումը նախարարական համաժողովին ներկայացնելու հնարավորության համար: Այն շատ կարևոր հնարավորություն էր` կիսել պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի տեսակետները, որ Եվրախորհրդարանը մատնանշել էր հռչակագրի` Բոլոնիայի գործընթացի իրականացման հետագա գործողությունների հատվածում»,- ընդգծում են նամակի հեղինակները:

Նամակում նշվում է, որ 2015 թ. ապրիլի 28-ի լիագումար նիստում ԵԽ բանաձևը և երևանյան քննարկումները բացահայտել են միասնական մոտեցումները:

«Ըստ էության, մենք ուրախ ենք հավաստել, որ քննարկումը և Երևանյան կոմյունիկեի կարևոր եզրակացությունները փաստում են նախարարական համաժողովի և Եվրոպական խորհրդարանի միասնական մոտեցումները` ԵԲԿՏ-ի ապագային միտված նպատակների, մարտահրավերների, գերակայությունների և գործիքների ստեղծման տեսանկյունից»,- նշված է նախարարին ուղղված նամակում: