Ռիա Նովոստիի տեղեկացմամբ` Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և քաղաքական խմբակցությունների ղեկավարները դադարեցրել են Թուրքիայի ու Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ օրինագծի քննարկումը, հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յուդիթ Սիպելը:
«Շուլցն ասաց, որ մենք կսկսենք օրինագծի քննարկումը, երբ Թուրքիան կատարի բոլոր 72 պայմանները»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը անցած շաբաթ առաջարկել է Եվրախորհրդարանին ու ԵՄ խորհրդին Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Այդ պայմաններից են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելը, ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ դատական համագործակցությունը, ԵՄ չափանիշներին համապատասխան անհատական տվյալների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության փոփոխությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կատարելու ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը փոխելու մասին ԵՄ պահանջը: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ մինչև հոկտեմբեր բոլոր տարաձայնությունները կհարթվեն, և Եվրամիության հետ Թուրքիան կհաստատի ազատ վիզային ռեժիմ: