Հաշված օրեր հետո, ըստ ամենայնի, Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Դա նշանակում է, որ հաջորդ տարվա սկզբից մեր տնտեսությունը կսկսի գործել ԵՏՄ կանոնակարգերին համապատասխան։ Իհարկե, այդ ճանապարհին Հայաստանը կստանա որոշակի արտոնություններ, որոնք պետք է հնարավորություն տան մեղմել անցումային շրջանի դժվարությունները։ Խոսքը վերաբերում է մասնավորապես լայն սպառման առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների համար ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի կիրառմանը։
Բավական տեւական բանակցություններից հետո Հայաստանին հաջողվեց շուրջ 800 ապրանքի ներմուծման համար ստանալ 5-7 տարվա արտոնյալ ժամանակահատված։ Դա հնարավորություն կտա խուսափել կտրուկ գնաճային դրսեւորումներից, ինչն անշուշտ անհրաժեշտություն էր՝ ԵՏՄ անդամագրման ճանապարհին։
Այս փուլում լուծված կարելի է համարել նաեւ էներգակիրների ներմուծման հետ կապված խնդիրը։ Դեռեւս տարեսկզբից Հայաստանը ստացավ առանց արտահանման տուրքերի ռուսական վառելիք ներմուծելու հնարավորությունը։ Նույնը վերաբերում է նաեւ ադամանդի հումքին։
Սակայն նոր տնտեսական տարածքին անդամագրման ռիսկերը չեն սահմանափակվում միայն մաքսատուրքերով կամ էներգակիրների ու ադամանդի հումքի ներմուծման արտոնություններով։ Պայմանագրի ստորագրումից հետո, ըստ էության, հաջորդ տարվանից Հայաստանի տնտեսությունը կսկսի գործել նոր իրողությունների պայմաններում, որին պետք է պատրաստվել։ Առավել եւս, որ միասնական տնտեսական տարածքում մեծացել են ռիսկերը՝ կապված Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Մի բան, ինչն ուզած, թե չուզած, նվազեցնելու է ինչպես ԵՏՄ անդամ մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի սպասելիքները։
Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրվելով Հայաստանն ակնկալում է ստանալ առաջին հերթին լայն շուկա՝ հայկական ապրանքների իրացման համար։ Ի տարբերություն միության անդամ այլ երկրների, Հայաստանի առեւտրային հարաբերությունները հիմնականում Ռուսաստանի հետ են։ Բայց վերջին շրջանի զարգացումներն իրենց ազդեցությունն են թողել այդ հարաբերությունների վրա։ Ռուսաստանի տնտեսության մեջ ձեւավորված իրավիճակի եւ մի շարք այլ գործոնների հետեւանքով արտահանումն այս երկրի շուկա ոչ միայն չի ավելացել, այլեւ նույնիսկ կրճատվել է։ Ներքին ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ գոնե այս փուլում նվազել են նաեւ Ռուսաստանի տնտեսությունից սպասվող ներդրումային ակնկալիքները։
Չնայած առկա դժվարություններին եւ ի հայտ եկած նոր ռիսկերին, այնուհանդերձ կասկած չկա, որ Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրումը սպառման նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի տնտեսության համար։ Շուկայի առկայությունը եւ առեւտրային հարաբերությունների դյուրացումը կարող է լուրջ խթան լինել։ Բայց, բնականաբար, միայն դա բավարար չէ տնտեսական իրավիճակը բարելավելու համար։ Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել տնտեսական նոր տարածքի ընձեռած հնարավորությունները։
Այլապես, ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ միությանը անդամագրումից դժվար է լուրջ ակնկալիքներ ունենալը։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ