տուն Լուրեր ԵՏՄ-ի հարվածը Հայաստանին

ԵՏՄ-ի հարվածը Հայաստանին

79
0

vardan-ayvazyan1

Եվրասիական տնտեսական միությունից այս տարի Հայաստանին բաժին ընկած մաքսատուրքերը 10 ամիսների կտրվածքով կազմել են 15 մլրդ դրամ: Այս մասին, այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ, նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Այս փաստն առաջացրեց նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի վրդովմունքը, եւ նա փոխնախարարի, հարցրեց, թե ինչո՞ւ է այդքան քիչ Հայաստանի բաժինը: «Մենք ասում էինք, որ մաքսատուրքերից ակնկալվող վճարվելիք մեր քանակությունը ավելանալու է 200 տոկոս, այսինքն՝ 119 մլն դոլար: Առավելություններից մեկը, բացի այն, որ մենք այս վնասներն ենք ունենում, մենք այս մաքսատուրքերից պետք է ստանայինք: Հասկանալի է, որ ռուբլին ընկել է, մուտքերը պակասել են, բայց մեր բաժին 1.13 տոկոսը 200 մլն դոլարի չափ գումար պետք է ստանայինք»,- ասաց Վարդան Այվազյանը: Ի պատասխան Արմեն Ալավերդյանը նշեց, որ 10 ամիսներին մաքսային վճարների 21.3 տոկոսը ապահովել են մաքսատուրքի հաշվին: Այն կազմել է 51.1 մլրդ դրամ, որից 15.1 մլրդ դրամը կազմում է ԵՏՄ երկրներից ստացված զուտ եկամուտը: «Քանի որ երրորդ երկրներից եկած ապրանքների էական նվազում է տեղի ունեցել, իսկ մաքսատուրքը մենք հավաքագրում ենք, գնում է ընդհանուր ֆոնդ, այդ ֆոնիդից մենք մեր մասնաբաժին 1.13-ը ստանում ենք: Այն ցուցանիշները, որոնք կառուցվում էին մեծ աճերի վրա, դրանք կառուցվում էին 2013-14 թվականների տնտեսական զարգացումների ցուցանիշների հիման վրա: Իրականում, քանի որ և Հայաստանում, և հատկապես Ռուսաստանում երրորդ երկրներից ներմուծումների ծավալների կրճատում է տեղի ունեցել, այդ ընդհանուր ֆոնդի գումարը, եթե փոքր է, մեր մասնաբաժինն էլ փոքր կլինի»,- ասաց Ալավերդյանը:

Վարդան Այվազյանը շարունակեց, որ 30 մլն դոլար մաքսատուրքի մասին է փաստորեն խոսքը, այնինչ, ամենամեղմ հաշվարկներով, Հայաստանը 100 մլն դոլար պետք է ստանար: «ԵՏՄ տնտեսական էֆեկտի մասով, որ խոսում էինք, այսինքն դուրս եկավ, որ 15 մլրդ դրամի մասին է, հա՞, խոսքը»,- հարցրեց նա:

Ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանը փորձեց տեղից շտկել իրավիճակը և նշեց, որ 10 ամիսների մասին է խոսքը, դեռ տարին չի ավարտվել: «Հա՛, եթե էդ ռակուրսով գնացինք, մի 10 մլրդ էլ թող ավել լինի, 25 մլրդ էր էլի, դա անում ա 40-50 մլն դոլար, էդքան քի՞չ»,- հակադարձեց Վարդան  Այվազյանը: