Եթե Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, մենք կունենայինք այնպիսի բանակ ու պետություն, ինչպիսին այսօր ունենք: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ մարտահրավերներին դիմակայելու նո՞ւյն քաղաքականությունը կունենայինք, Մովսես Հակոբյանը պատասխանեց՝ կարծում եմ՝ այո։ Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ արդյոք նախահարձակ քաղաքականություն չէի՞նք ունենա, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Մենք այսօր էլ ունենք նախահարձակ քաղաքականություն»:
Պատասխանելով հնարավոր լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման մասին հարցին` գլխավոր շտաբի պետն ասաց. «Ինչին ես տիրապետում եմ, բոլոր դեպքերում դրա մասին ես չեմ հայտարարի»:
Եվ վերջում, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարություններին՝ Երևան հասնելու վերաբերյալ, Մովսես Հակոբյանը նշեց. «Երբևէ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան, իրենք սկսած 92 թվականից Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ են որսացել: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որևէ բան չի նշանակում»: