ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման համար կառավարությունն իր անելիքն արել է, հիմա հերթը բանկերինն է:
Հիշեցնենք՝ բանկերը հայտարարել են, որ պատրաստ են գյուղատնտեսական վարկեր ունեցող քաղաքացիների հետ վերանայել պայմանագրերը եւ կազմել վարկերի մայր գումարի մարման նոր ժամանակացույց:
Ինչպե՞ս կազդի այս ամենը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր ասուլիսում ասաց, որ կառավարությունը, ըստ էության, այս գործընթացում միջնորդի դեր խաղաց: «Հիմնական խաղորդները բանկերն ու հաճախորդներն են: Բանկերին սա ձեռնտու է, քանի որ նրանք հնարավորություն ունեն մեռյալ կետից շարժեն իրենց բիզնես ծրագրերը»,- ասաց տնտեսագետը:
Տույժ-տուգանքների ներումը, մասնագետի խոսքով, գյուղատնտեսական վարկային տեղաբաշխումների ընդամենը 10 տոկոսն է: «Այս համաներումը մեկանգամյա է, սակայն հետագայում պետք է մտածել այս պրոցեսն ինստիտուցիոնալացնելու մասին»:
Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ կարճ ժամկետում բանկերը չեն կարող տոկոսներն իջեցնել: «Եթե տույժ-տուգանքները կառավարությունն ու բանկերը չներեին, թափ կառներ վաշխառությունը, որը հատկապես մեծ տարածում ունի մարզերում»,- մանրամասնեց Ատոմ Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան