«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ թեև պատգամավորական մանդատները արդեն իսկ բաշխված են, սակայն առաջիկայում Ծառուկյան դաշինքի 8 «ըմբոստացածները, ովքեր ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի՝ իրենց խոսքով ոչ իրենց գրած դիմումները, պատրաստվում են ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարել մանդատը վայր դնելու մասին: Պատգամավորական մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին արդեն իսկ հայտարարել է Նապոլեոն Ազիզյանը: Նա տևական խմորումներից հետո համարում է, որ իր մանդատը պատկանում է Ծառուկյանին և պատրաստ է այն դնել վերջինիս ոտքերի առաջ:
Պատգամավորական մանդատից պատրաստվում է հրաժարվել նաև Աջափնյակում դաշինքի ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանը Չերիի Վահանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց իր որոշման նախապատմությունը: «Ես հենց սկզբում հույս ունեի, որ Ծառուկյան դաշինքի համար լավ հաղթանակ կապահովեմ, կհավաքեմ մոտ 18-20 հազար ձայն: Հետո չհասկացանք ինչ եղավ, ժողովրդի մեջ մի քիչ թյուրիմացություն տարածվեց և արդյունքում ես տարա մոտ 8000 ձայն: Երբ տեսա, որ իմ արդյունքները լավը չեն,ուղակի որոշեցի, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր: Ես Ծառուկյանին էլ եմ ասել, որ չեմ ուզում դառնալ պատգամավոր, քանի որ իմ տվյալները լավը չեն: Արդյունքում ես իմ ձեռքով գրեցի ինքնաբացարկի դիմում և ներկայացրեցի ԿԸՀ»,-ասաց Կարապետյանը:
Վերջինիս խոսքով, դիմումը ներկայացնելուց հետո ժողովրդի, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հասկացել է, որ մարդիկ իրեն սպասում են, ուզում են ԱԺ-ում տեսնել, վերջին հույսը Ծառուկյան դաշինքի հետ են կապում: «Արդյունքում ինձ համոզեցին և ես գնացի ու հետ վերցրեցի դիմումս ԿԸՀ-ից և անմիջապես բարձրացա Ծառուկյանի մոտ: Ասեցի՝ պարոն Ծառուկյան, դիմումս վերցրել եմ, բայց դուք որոշեք, թե ինչպես լինի: Ընտրողներս խնդրում են, որ վերցնեմ մանդատս, բայց դուք եք որոշում: Եթե մարդ կա, որ կարող է ձեր որոշմամբ գալ ԱԺ, ես համաձայն եմ վայր դնել մանդատս, որ մեկ ուրիշը իմ տեղը գնա ԱԺ»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Ծառուկյանն իրեն ասել է, որ կգնան ԱԺ և կորոշեն:
Այսինքն եթե Ծառուկյանը որոշում կայացնի, որ դուք պետք է վայր դնեք պատգամավորական մանդատը, ապա այդպես էլ կանե՞ք՝ հարցրեցինք.«Այո, եթե նա որոշի, ես վայր կդնեմ, իսկ եթե չորոշի, ես կմնամ պատգամավոր: Բայց երկու դեպքում էլ մենք կմնանք լավ ընկերներ ու մտերիմներ»,-ասաց Կարապետյանը:
Վերջինից հետաքրքրվեցինք՝ իր գործընկերների օրինակով իրեն վիրավորված, նեղացած, կամ խաբված չի զգում կատարվածի համար: Օրինակ Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք խաբվել են և հնարավոր է լքի ԲՀԿ-ն: «Բացարձակ նման բան չկա: Բացարձակ լարվածություն չկա ոչ մեկի մոտ: Մեր հարաբերությունները նորմալ են, իսկ իմ ու Ծառոկյանի հարաբերությունները առհասարակ գերազանց են»,-եզրափակեց նա: