ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացմանը:
Նիստում Կարապետյանն ասաց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ:
«Նշվածի արդյունքում սահմանափակվում են մաքսազերծման գործընթացը և անձանց` ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- իր խոսքում նշեց վարչապետը:
Կարապետյանը արդարադատության նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց քսանօրյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:
«Իրականում անհասկանալի է` եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցում սահմանափակում, եթե դա է հնարավորությունը նույն այդ պարտավորությունը կատարելու համար: Համենայնդեպս, մի հատ նայեք, կարծում եմ` այստեղ խնդիր ունենք»,- եզրափակեց նա:
Փայլակ Ֆահրադյան