Սահմանային լարված իրավիճակն, ի վերջո, ինչի՞ կհանգեցնի և ի՞նչ կտա մեզ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ բանակցությունների սեղանի շուրջ, Araratnews.am-ի հետ զրույցում խոսեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը.«Այստեղ մեծ խնդիր կա և այդ խնդրի մասին շատ պարզ ասել են համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ, որ կողմերը չեն ցուցաբերում քաղաքական կամք՝ խնդրի լուծման համար, այսինքն ո՛չ Հայաստանը, ոչ Ադրբեջանը պատրաստ չեն և չեն ուզում գնալ խնդրի լուծմանը»:
Քաղաքագետի հավաստմամբ՝ արդեն նկատվում է, որ համանախագահներն անցել են ճնշման միջոցների.«Ես տեսնում եմ, որ կան կողմնակի ճնշման միջոցներ, մանավանդ Ադրբեջանի վրա՝ պատժամիջոցները, որ մտցրել են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ սահմանի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու, տարբեր տիպի սարքեր տեղադրելու վերաբերյալ: Իրենց համար էլ է դա մեծ խնդիր, որ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները չեն կարողանում այս խնդրին լուծում տալ: Եթե հիմա այս ճնշման միջոցներն արդյունք չտան՝ կարծում եմ, հետագայում այդ ճնշումները կավելանան»:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ այնուամենայնիվ, եթե այդ ճնշումները օգուտ չտան, միակ տարբերակը պատերազմը կլինի.«Մնում է պատերազմի տարբերակը, որովհետև շատ ճիշտ է ձևակերպված՝ կողմերը չունեն քաղաքական կամք խնդիրը բանակցություններով լուծելու համար»: